ԲՀԿ-ն ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության այս ծրագրին. Նաիրա Զոհրաբյանը քննադատեց վարչապետին
“Այստեղ խոսվեց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին: Չեմ կարծում, թե տեղին է եւ ճիշտ խոսել հանդիպման մասին, ներկայացնել հանդիպման ինչ-ինչ դրվագներ եւ չներկայացնել հանդիպման իրական բովանդակությունը:
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը վերաբերել է այլ նյութի, եւ մեր խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր տեղյակ է եղել , թե ինչին է վերաբերել այդ քննարկումը”,-ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսպես սկսեց իր հայտարարությունը խորհրդարանում:
Նշենք, որ իրեն ուղղված հարցերից մեկին պատասխանելիս վարչապետն իր խոսքում նշել էր, որ հանդիպել են Ծառուկյանի հետ ու ասել, որ շեշտակիորեն ավելի լավ նախագիծ ծնվեց այդ հանդիպման ընթացքում:
ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ցանկացած քաղաքակիրթ երկրում ցանկացած կառավարություն վստահության քվե ակնկալում է առնվազն այն դեպքում, երբ իր նախորդ ծրագրի իրականացման ընթացքում, եթե չի արձանագրել լրջագույն հաջողություններ, ապա գոնե չի արձանագրել լրջագույն ձախողումներ:
“Այս դեպքում մենք գործ ունենք երկրորդի հետ: Կառավարությունը, որի քաղաքականությունը, ինչպես հայտարարվեց, մնալու է անփոփոխ, որի կազմը գրեթե չի փոփոխվել, որը գլխավորում է նույն վարչապետը, հայտ է ներկայացնում խորհրդարանին՝ ստանալու վստահության քվե”,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, թե աղքատության ծավալները չեն նվազել, այլ շարունակում են աճել: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համաձայն է արտագաղթի ծավալների վերաբերյալ գործընկերոջ/Արամ Մանուկյան.-խմբ./ հայտարարությանը:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ կառավարության նոր ծրագրին, որովհետեւ վերապահումով է մոտենում “նոր ծրագիր” եւ “նոր կառավարություն” արտահայտություններին:
ԲՀԿ-ական պատգամավորի ելույթն ակնհայտ քննադատական էր եւ սուր շեշտադրումներ էր պարունակում: Խոսելով տնտեսական անկման մասին, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց.”Գիտեք, մենք միշտ կարող ենք հղում անել տնտեսական ճգնաժամին: Ինձ մոտ տպավորությունն այն է, որ որոշների համար տնտեսական ճգնաժամը դարձավ փրկօղակ, որի վրա կարելի է բարդել բոլոր ձախողումները”:
“Ինչ –որ մեկը պիտի պատասխան տա՞, որ ՀՀ-ում արձանագրվել է 14,5 տոկոս տնտեսական անկում, թե կարելի է ոչնչի համար պատասխան չտալ, խրոխտ կեցվածքով գալ եւ ակնկալել վստահության քվե”,-հարցրեց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց, որ երկրում որեւէ փոփոխություն չի կատարվել : ԲՀԿ-ական պատգամավորը խմբակցության անունից հայտարարեց, որ կառավարության ծրագրին ամբողջ կազմով դեմ են քվեարկելու:
Նաիրա Զոհրաբյանի ելույթին հաջորդեց մյուս քննադատական` ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթը: