Փախստականները դեռեւս ինտեգրման խնդիր ունեն /վիդեո/
“Հենարան”մամուլի ակումբում այսօրվա հյուրերը դպրոցական երեխաներն էին, ովքեր ամփոփեցին “Փախստականների համաշխարհային օրը պատանիների աչքերով” իրազեկման ծրագիրը:
Կազմակերպված դասընթացներին մասնկացել է մոտ 60 պատանի, եւ մասնակիցները իրազեկվել են, թե ով է փախստականը, ով է ապաստան հայցողը, ինչպիսի անասելի զրկանքներ են անցնում նրանք:
Սակայն դրանով իսկ փախստականները կարողանում են ինտեգրվել եւ նոր երկրում նոր կենսագրություն են կերտում: Իրազեկման դասընթացներից հետո անց են կացրել հետազոտություն Հայաստանում` պարզելու թե ինչպես են փախստականները ապրում:
Թիվ 30 դպրոցի աշակերտուհի Արուսիկ Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանում փախստականներն ունեն ինտեգրման խնդիր, նկատվում է, որ նրանք մի փոքր մեկուսացված են:
Թիվ 78 դպրոցի աշակերտուհի Զառա Թորգոմյան էլ փախստականների կյանքի մասին ռեպորտաժ է նկարել: Նաեւ սոցհարցում է անցկացրել: “Արդյունքում պարզվեց, որ բնակչության մեծամասնությունը դրական է վերաբերվում փախստականներին: Ուրախալի է նաեւ, որ այսօր հայ երիտասարդությունը գիտակցում է, որ փախստականները նույն մարդիկ են, ինչ իրենք”,-ասաց Զառան:
Հունիսի 21-ին, 10.30-ին աշակերտները կկազմակերպեն ֆլեշ մոբ եւ խաղաղ քայլերթ “Փախստականների համաշխարհային օր” խորագրով, իսկ հունիսի 22-ին՝ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ամփոփիչ միջոցառում կանեն:
Նշենք, որ ծրագիրը իրականացրեց “Ապագան քոնն է” ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնաժողովի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: