18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրները

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվեց կլոր սեղան- քննարկում մանկական ուռուցքաբանության ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ: 

ՀՀ  առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ  նախարարությունը գործընկեր կառույցների հետ մանկական քաղցկեղի դեմ պայքարին ուղղված լայնածավալ ծրագրեր է իրականացնում:

՛՛ 2001 թվականին Լյուքսեմբուրգում ՛՛Քաղցկեղով երեխաների ծնողների միության՛՛ (ICCCPO) կողմից հռչակվեց մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Կազմակերպության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգացությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում: Հայաստանը միությանը անդամակցում  է 2003 թվականից՛՛,-ասաց Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ մանկական քաղցկեղի դեմ պայքարի այս տարվա կարգախոսն է` ՛՛Գործենք հիմա քաղցկեղով հիվանդ երեխաների համար՛՛:

Նա նշեց, որ մեր հանրապետությունում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը` լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Տարածվածությամբ երկրորդ տեղում ավշային հանգույցների չարորակ ուռուցքներն են, երրորդ տեղում` գլխուղեղի ուռուցքը:

ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը մանկական քաղցկեղի դեմ պայքարի  գործում կարևորեց  ՛՛Նվիրիր կյանք՛՛ բարեգործական հիմնադրամի առաքելությունը, որ 2011թ. սկսած քաղցկեղով հիվանդ երեխաներին հսկայական աջակցություն է ցուցաբերում:  Նա շեշտեց, որ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ղեկավարությամբ գործող հիմնադրամն իր հոգացության տակ է առել քաղցկեղով երեխաների բուժման համար անհրաժեշտ թանկարժեք դեղորայքի ձեռքբերման և կեցության բարելավման հարցերը, ինչը մանկական ուռուցքաբաններին հնարավորություն է տալիս կիրառել բուժման ժամանակակից մեթոդներ սխեմաներ:

՛՛Այս երեխաներին օգնությունն աստվածահաճո, մարդասիրական և կարևոր  գործ է՛՛,- շեշտեց Կարինե Սարիբեկյանը:

2011թ. սկսած ՛՛Նվիրիր կյանք՛՛ հիմնադրամի միջոցով բուժում է ստացել 452 երեխա, որի նպատակով ծախսվել է  859մլն դրամ: Հիմնադրամն ամսական շուրջ 70  հազար դոլար, իսկ  տարեկան 1 մլն դոլար է ուղղում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների մոտ  65 տոկոսը  լիակատար բուժվում է: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75 տոկոսի:

 ՛՛Այս ցուցանիշը 15 տարվա տքնաջան աշխատանքի արդյունք է: 15 տարի առաջ առողջացման ցուցանիշն ընդամենը 5 տոկոս էր՛՛,-ասաց ՛՛Մուրացան՛՛ հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի վարիչ Սամվել Դանիելյանը:

՛՛Հիվանդացության նվազումից բացի, մոտ 18 տոկոսով կրճատվել է մահացության ցուցանիշը:  Տարիներ առաջ խիստ արդիական էր դեղորայքի հայթայթման խնդիրը, որը չէր ներմուծվում Հայաստան: Այսօր իրավիճակը փոխվել է: Ժամանակակից դեղերը հիմնականում Հայաստանում կա: Խնդիրն այն է, որ ոչ բոլոր դեղերն է հնարավոր լինում ապահովել պետպատվերի շրջանակում: Անգամ ԱՄՆ-ի, Գերմանիայի նման զարգացած երկրներում ծախսերը ծածկելու խնդիրներ են առաջ գալիս, քանի որ բժշկության զարգացմանը զուգընթաց այն մեծանում է: Նոր ծրագրերը նոր ծախսեր են պահանջում, որոնք հոգալու  հարցում պետությանն օգնության ձեռք է մեկնում ՛՛Նվիրիր կյանք՛՛ հիմնադրամը՛՛,- ասաց ՛՛Ուռուցքաբանության ազգային կենտրոնի՛՛ մանկական և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:

ՀՀ ԱՆ  գլխավոր քիմիաթերապևտ  Հայկուհի Գյոքչյանը և  ՛՛Արյունաբանության ազգային կենտրոնի՛՛  մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանը   ևս խոսեցին  ՛՛Նվիրիր կյանք՛՛ հիմնադրամի ցուցաբերած անգնահատելի օգնության մասին:  Նրանք հավաստիացրին,  որ  հիմնադրամի աշխատանքի շնորհիվ  վերջին հինգ տարում մեր երկրում չի եղել որևէ դեպք, որ հիվանդի սոցիալական վիճակից ելնելով տուժի նրա բուժման որակը:

Մասնագետները նշեցին, որ մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ ենˋ քաղցկեղածին նյութեր սննդում և օդում, ծնողների վնասակար սովորությունները, ինչպիսիք են` ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրները: Մեծահասակների մոտ հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակները երեխաների մոտ գրեթե չեն լինում: Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում: Մասնագետների գնահատմամբˋ ծնողների կողմից ուշացումներ չեն լինում, սակայն պարտադիր պայման է նաև  հատկապես առողջության պահպանման առաջնային օղակի բուժաշխատողերի զգոնությունը:

Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում և Հայաստանում նկատվում է չարորակ նորագոյացությունների ամենամյա աճˋ մասնավորապես մեծահասակների շրջանում: Աշխարհում 200 հազար երեխա ամեն տարի հիվանդանում է քաղցկեղով, և ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: 2013 թվականին Հայաստանում գրանցվել քաղցկեղի 7911 նոր դեպք, որից 59-ըˋ 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում: Մեր երկրում 2007 թվականի համեմատ երեխաների շրջանում չարորակ նորագոյացությունների տարածվածությունը  նվազում է: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տղաներն ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով, քան աղջիկները:

Ոլորտի առաջատար ներկայացուցիչները պատասխանեցին   լրագրողների հարցերին: Կարևորվեց  նաև թեմայի  գրագետ լուսաբանումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ