17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծ պահք՝ ինքնահաշտեցում. միայն մարդու փոփոխություն

Փետրվարի 15-ին Բուն Բարեկենդանի տոնի երեկոյան ժամը 6-ին փակվեցին եկեղեցիների խորանների վարագույրները, սկսվում է 49-օրյա Մեծ Պահքի շրջանը: Ժամանակակից սերունդը պահք ասելով հիմնականում հասկանում է կենդանական սննդից հրաժարում, սակայն սա սահմանափակ ընկալում է:

“Յուրաքանչյուր մարդ Մեծ Պահքին պետք է պայքարի իր մեջ բնավորված չարի դեմ` ինքն իր հետ հաշտեցման համար: Մեր շրջապատում տեղի ունեցող անհարիր երևույթների հիմքում մարդն է, որն էլ պատճառ է թե լավի, թե վատի: Չմոռանանք նաև, որ Աստծուն տանող ճանապարհը անցնում է դիմացինի սրտի միջով և մարդ չի կարող հաշտ լինել դիմացինի հետ, քանի դեռ հաշտ չէ ինքն իր հետ: Ինքնահաշտեցումն է Մեծ Պահքի խորհուրդը”,- մեզ հետ զրույցում նշեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Գիտենք անշուշտ, որ պահքը վերաբերվում է ոչ միայն ճաշակելիքին, այսինքն` բերանին` հեռու մնալու կենդանական, առատ կերակուրներից, այլև բոլոր զգայարաններին և մարմնավոր ցանկություններին: Սրբազանի հետ զրույցում մեզ համար պարզեցինք, որ պահքի հիմնական նպատակը մտքի ու սրտի մաքրությունն է, հետևաբար պետք է հետ կանգնել մեղքերից, դրանց պատճառից:

Աստվածաշնչից տեղեկանում ենք, որ դեռևս վաղ շրջանում պահքից անբաժան էին լացն ու կոծը, հագուստ պատռելը, քուրձ հագնելը, մոխրի վրա նստելը և այլն: Պահքից անբաժան պետք է լիներ նաև աղոթքը, ինչն այժմ էլ պարտադիր է: Պահք էին պահում նաև որևէ կարևոր նպատակի հաջողության համար: Սակայն ժամանակներն ու դրանց հետ նաև պահանջները փոխվում են: Մեր օրերում շատերը պահք պահում են նիհարելու նպատակով, ոմանք էլ չհասկանալով պահքի բուն էությունը, նպատակը:

“Մեծ Պահքը օրինակն է Փրկչի` անապատում 40-օրյա ծոմապահության: Նպատակը ապաշխարությունն է: Այն ի փառս Աստծո և հանուն մեր անձերի` զրկանքների ճանապարհ է: Կենդական սննդից հրաժարվելը, ինչ խոսք, ոմանց համար կարևոր զրկանք է, այսինքն` ապաշխարանք, սակայն չի բացառվում, որ հնարավոր է պահոց ուտելիքներով ևս շատակերությամբ զբաղվել:

Այս դեպքում պահքը կորցնում է իմաստը: Կան նաև բուսակեր մարդիկ, որոնց համար բուսակերությունը կրոնական իմաստ չունի, հետևաբար պահք չի կարող համարվել: Միայն սննդային պահք պահելը չի կարող բերել հոգու զորացման և պարտադիր է աղոթքով ուղեկցվող, հոգևոր, բարոյական պահքը”,- նշեց Սրբազան հայրը:

Իսկ որն է բարոյական պահքը, Սրբազանը հատկապես շեշտեց հրաժարումը վատ սովորություններից, ինչպես ասենք ծխելը, ալկոհոլային խմիչքի չարաշահումը, խաղամոլությունը, մեր օրերում նաև մոլուցք դարձած համացանցային խաղերը, սոցցանցերը:

Ի դեպ, ցանկալի է առժամանակ չօգտվելը կամ օգտագործել այն խիստ ծայրահեղ դեպքերում: Տևական պայքարել է պետք մի շարք վտանգավոր հոգեվիճակների դեմ, ասենք` նախանձի, ատելության, բարկության, ծուլության, բանբասանքի և այս տեսակ այլ մեղքերի:

Սակայն միայն պայքարը չի օգնում, պետք է լրացնել նաև բացը` ամենօրյա աղոթքով, բարեգործությամբ ու ողորմածությամբ: Այսպիսով, պահքի նպատակը հոգին զորացնելն է` տկարացնելով զգացական հաճույքները:

“Մեզանում պակասում է սերը, հաշտեցումը` թե ինքներս մեզ հետ և թե մեր շրջապատի, ինչը կարող է լինել միայն մարդու կերպարի փոփոխությամբ. մեծ պահքը այդ ճանապարհը բռնելու ամենապատեհ ժամանակն ու առիթն է”:

Պահքով ու աղոթքով պատրաստվենք Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին, որն այս տարի կտոնենք ապրիլի 5-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ