Մեր արդյունքները լավագույնս մենք ենք քննադատել . Դավիթ Հարությունյան

“Այն քննադատությունը, որ հնչում է դահլիճում, շատ օգտակար է եւ առաջին հերթին՝ իշխանությանը”,-այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
Պատգամավորը քննադատությունները երկու խմբի բաժանեց` նախընտրական քննադատություն եւ քննադատություն, որը թեեւ քաղաքական երանգավորում ունի, բայց հիմնավոր է եւ օգտակար: Դավիթ Հարությունյանի խոսքով, ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ հանրությունը նախապատվություն չի տալիս առաջին խմբի քննադատությանը:
Դավիթ Հարությույանի խոսքով, դահլիճում հնչած քննադատությունները ավելի շատ վերաբերում էին նրան, թե ինչ է արվել նախորդ տարիներին: “Բնականաբար, պետք էր ենթադրել, որ շեշտադրումները մեր քննադատները պետք է անեին այն բաների վրա, որոնք չեն կատարվել: Բայց պետք է նշեմ, որ մեր արդյունքները լավագույնս քննադատել ենք մենք: Մենք ունեցել ենք այդ խիզախությունը”,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, դահլիճում հնչող քննադատությունը նոր չէ, որովհետև իշխանությունն է առաջինը դրա մասին խոսել: Դավիթ Հարությունյանն այսաց, ո ր հավատում է այս կառավարության կարողություններին ու հավելեց, որ կառավարության ծրագիրը կկորցնի իր քաղաքական նշանակությունը, եթե համարենք որ այն միակ փաստաթուղթն է:
“Այդ փաստաթուղթը կարող է ունենալ լուրջ քաղաքական նշանակություն, բնականաբար, եթե կառավարությունը շարունակի այդ ծրագրի մշակումը ենթածրագրերով` հայեցակարգերով: Այս առումով ես կարծում եմ այս խորհրդարանի դերակատարումը պետք է լինի էապես տարբերվող նախորդ խորհրդարանից: Այս խորհրդարանը պետք է մասնակցություն ունենա այդ ծրագրի մշակմանը: Ավելին, այս խորհրդարանը պետք է հնարավորություն ունենա ընթացքում հետևելու այդ ծրագրերի կատարմանը”,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ կողմ եմ քվեարկելու կառավարության կարողություններին: