26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զարմանալ կարելի է

ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածն է ներկայացվել iLur.am կայքում: Ներկայացնում ենք այն ստորև՝ 

Վերջին շրջանում տեղի ունեցած բուռն իրադարձությունների` Գյումրու ողբերգության, Բերձորի բարբարոսության եւ փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների տպավորիչ ընդվզման պատճառով “Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը”, կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար:

Լրացնելու համար այդ բացը, կցանկանայի որոշ դիտողություններ ու մտահոգություններ արտահայտել հռչակագրի բովանդակության վերաբերյալ` ոչ ամենեւին որեւէ մեկին մեղադրելու կամ խնդիրը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնելու մտադրությամբ, այլ բացառապես այդ կարեւոր փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով:

1. Հռչակագրի առաջին իսկ պարբերության մեջ արձանագրվում է, որ “Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների հետ”, արտահայտում է ‘հայ ժողովրդի միասնական կամքը” (նույն միտքը կրկնվում է նաեւ հռչակագրի 6-րդ կետում):

Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ‘Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող” զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞, արդյոք, մի մարմին, որն այդ կամքը կարող է արտահայտել:

Դժբախտաբար թե բարեբախտաբար, որեւէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել: Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահներն իրավունք ունեն խոսել միայն իրենց երկրների կառավարությունների, եկեղեցու առաջնորդները` սեփական իրավազորության ենթակա համայնքների, իսկ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները՝ իրենց համագումարների անունից:

Ողջ հայ ժողովրդի` իրավական ուժ ունեցող միասնական կամքը կամ կարծիքը կարող է արտահայտել միայն համահայկական հանրաքվեն, որի կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է: Հռչակագիրը ոչ թե հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ է, այլ իրավական փաստաթուղթ, ուստի պետք է միանգամայն համարժեք լինի իր բնույթին:

Քանի որ այն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը, ապա բացառված չէ, որ այդ հանրությունից որեւէ մեկը կարող է հարցնել. “Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը”: “Մի՞թե պարզ չէ” կամ “ինքնըստինքյան հասկանալի է” տիպի պատասխանները միայն քմծիծաղ կառաջացնեն: Հետեւաբար, հռչակագիրը շատ ավելի ծանրակշիռ նշանակություն ձեռք կբերեր եւ լրջագույն իրավական-քաղաքական փաստաթղթի արժեք կունենար, եթե համայն հայության անունից խոսելու հավակնություն ունեցող մի անդեմ հանձնաժողովի փոխարեն, հրապարակվեր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, ինչպես նաեւ` Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների ստորագրությամբ:

2. Հռչակագրի 3-րդ կետում համակարգող հանձնաժողովի կողմից շնորհակալություն է հայտնվում “այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, եւ այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաեւ կանխել ժխտողականության վտանգավոր դրսեւորումները”:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որեւէ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար:

Նման կարգի շնորհակալական զեղումները որքան բնական են սփյուռքահայ համայնքների լոբբիստական ուղերձների պարագայում, նույնքան խոտելի են պետության անունից արվող հայտարարությունների համար:

Մի այլ նկատառումով անհարկի պետք է համարել նաեւ հռչակագրում ընդգրկված այն դրույթը (8-րդ կետ), որով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից զորակցություն է արտահայտվում «Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսեւորում այս հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման”:

Թուրքիայի այդ քաղաքացիները, քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ, իրոք մեծ համարձակություն են դրսեւորում` Հայոց ցեղասպանության փաստն ընդունելով, բայց հայկական կողմի զորակցությունն, իմ կարծիքով, ոչ թե կօգնի, այլ հակառակը, կվնասի նրանց` երկրի իշխանություններին ու հետադիմական ուժերին պատրվակ տրամադրելով նրանց ներկայացնելու որպես օտար շահերի ծառայող տարրեր:

3. Իսկ արդեն բոլորովին արտառոց ու անլուրջ է հռչակագրի նույն կետի մյուս դրույթը, որը Թուրքիայի հանրապետությանը կոչ է անում “ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ` հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման եւ հարաբերականացման քաղաքականությունից”:

Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր, այն էլ` կաղ-վերջնագիր, քանի որ նրանում բացակայում է վերջնագիր հասկացության մյուս պարտադիր բաղադրիչը, այսինքն` թե ինչ է սպասվում հասցեատիրոջը` վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում: Զարմանալ կարելի է, թե այս անհեթեթությունն ինչպես է տեղ գտել մի այնպիսի կարեւոր փաստաթղթում, որպիսին իրականում պետք է լիներ “Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը”:

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ