Մայր օրենքի բացակայությունը՝ բժշկի նկատմամբ եղած վերաբերմունքի պատճա՞ռ
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի համոզմամբ՝ լրատվամիջոցները մասնավորապես եւ հասարակությունն ընդհանրապես, բուժաշխատողի հետ կապված ցանկացած դրական բան չեն նկատում: Մինչդեռ, ըստ փորձագետի, ով Բուժաշխատողի օրվա կապակցությամբ իր մտահոգություններն էր կիսում լրագրողների հետ, բժշկի մասնագիտությունը ամենապատվելիներից է:
՛՛ ԶԼՄ- ներով շատ հաճախ ենք հանդիպում ոլորտին վերաբերող բացասական լրատվության.ամենքիս է հայտնի՝ երբ ինքնասպանության թեման սկսում է հաճախ շրջանառվել, ինքնասպանությունների թիվը կտրուկ աճում է՛՛: Ահա ինչու, ըստ Պ. Զելվեյանի, այսօր նման վերաբերմունքի են հանդիպում բժիշկները. ասել է թե՝ ունենք այն, ինչ ունենք:
Մի քանի օր առաջ զինվորական բժիշկների հետ կատարվածը որակելով զավեշտալի դեպք՝ բանախոսն արձանագրեց, որ ինչ-ինչ մարդիկ իրենց իրավունք են վերապահում ծեծելով ծանր վիճակի հասցնել մեկին, ով ինքը հարյուրավոր կյանքեր է փրկում: Փորձագետի կարծիքով՝ ԶԼՄ-ները, սեւեռվելով նման փաստերի, ինչպեսեւ՝ ոլորտի բացթողումների վրա, իսկապես վատթարացնում են վիճակը:
Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ ոլորտի խնդիրները պետք չէ վերհանել: Փորձագետի համոզմամբ՝ ընդհակառակը, խնդիրները պիտի բարձրաձայնել եւ փնտրել դրանց լուծումները:՛՛ Մենք արժանի ենք ունենալ առողջապահության կատարյալ համակարգ, միայն թե խնդիրների համար պատասխան տվողը շարքային բժիշկը չպիտի լինի, այլ՝ պատասխանատուները՛՛:
Փորձագետը նկատեց, որ առողջապահության համակարգը դեռեւս չունի մայր օրենք, ինչը կկանոնոնակարգեր դաշտը եւ առկա խնդիրներն ամբողջությամբ: