23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նկարվողները թող նկարվեն, ով որ աշխատելու է, թող աշխատի»

Տիգրան Աբրահամյանը պատասխանում է քննադատություններին, թե ինչո՞ւ Արցախը փրկող ընդդիմությունը Լաչինի միջանցք չի գնում

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված օկուպացիայից ազատագրված տարածքներում ադրբեջանցիների իրավունքի կոպիտ խախտումների հետ: Բողոքում նշվում է, թե Հայաստանը 2022թ. մայիս-օգոստոս ամիսներին Բերձոր, Սուս և Աղավնո գյուղերից դուրս գալիս կանխամտածված և նպատակաուղղված կերպով ոչնչացրել է գույք, այդ թվում հարյուրավոր բնակելի տներ և բնակելի տարածքներ: Բաքուն պահանջում է փոխհատուցում, հայրենադարձում, ռեստիտուցիա և Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով պատճառված այլ վնասի փոխհատուցում: Մինչ այդ ՄԻԵԴ բողոք էր ներկայացրել հայկական կողմը՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ եւ պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը: ՄԻԵԴ-ը որոշել էր Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչեւ դեկտեմբերի 19-ը՝ ժամը 16-ը՝ պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում: Սպասվում էր, որ մինչեւ այդ ժամկետը Ադրբեջանը կբացի միջանցքը՝ հակաադրբեջանական որոշումներից խուսափելու համար, բայց դա չեղավ: Երեկ ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց բավարարել Հայաստանի ներկայացրած պահանջը եւ միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց. «Վերջին 2-3 տասնամյակում ՄԻԵԴ-ում եւ առհասարակ միջազգային կառույցներում բավականին աշխատանք տարվել է եւ նպատակը եղել է հենց հավասարակշռության պահպանումը: Տարբեր փուլերում եղել են հայցեր՝ ընդդեմ ՀՀ-ի, եղել են հայցեր՝ ընդդեմ Ադրբեջանի: Այս տարիների ընթացքում բալանսը հնարավորինս պահպանվել է, եթե ոչ ավելին: Խնդիրն այն է, որ ներկայումս ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները տարբեր կարեւոր հարցերին պատշաճ ձեւով չեն վերաբերվում եւ այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք եւ եկել հասել  այսպիսի ողբերգական իրավիճակի, երբ  Արցախի հարցը մենք քննարկում ենք ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացման, այլ հումանիտար աղետի վերացման տեսանկյունից, սա նաեւ ապացույցներից մեկն է, որը իշխանությունը արածների-չարածների պատճառով բերել եւ հասցրել է: Մենք հիմա պետք է հնարավոր բոլոր կառույցներում գլուխ ջարդենք մի կողմից ադրբեջանական կեղծ մոտեցումները մերկացնելու տեսանկյունից, մյուս կողմից՝ Հայաստանին կամ Արցախին վերաբերող հայկական շահերը պատշաճ ներկայացնելու համար»:

Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված «բնապահպանները» փորձում են իրենց իրավունք վերապահել Արցախ տեղափոխվող մարդասիրական բեռները ստուգել, այդ մասին նաեւ գրառում էր արել հատուկ հարցերով հանձնակատար Էդմոն Մարուքյանը: Հարցին՝ այս փորձերի դեմ մենք ինչպե՞ս պետք է վարվենք, պիտի բացենք բեռները, թողնենք, որ ստուգե՞ն իրենք ամեն անգամ՝ Աբրահամյանը պատասխանեց. «Մի կարեւոր բան պիտի իմանան Հայաստանի եւ Արցախի իշխանությունները՝ Ադրբեջանը որեւէ ձեւով չի բավարարվելու իր դրած պահանջների կատարումից հետո, փաստացի ՀՀ-ի եւ Արցախի շուրջ օղակը սեղմվելու է: Շատ կարեւոր է հասկանալ, որ որեւէ պարագայում ադրբեջանական խաղի մեջ չպետք է մտնել, որովհետեւ այդ խաղի կանոնների մեջ մտնելը բնականաբար արագացնելու է այն ծանր իրադարձությունները, որոնք այսօր կախված են մեր գլխին: Մի կողմից պատրաստ պետք է լինել հնարավոր բոլոր զարգացումներին, չնայած պետք է արձանագրել, որ շատ առումով արդեն ուշացել ենք, որովհետեւ երբ ակնհայտ էր, թե Ադրբեջանն ինչ քայլերի է գնալու 44-օրյա պատերազմից հետո, կամ դեկտեմբերի 3-ին, երբ առաջին անգամ 3 ժամով ճանապարհը փակվեց, նույնիսկ դրանից հետո Հայաստանի իշխանությունները անհրաժեշտ եզրահանգումներ չեն արել եւ նույնիսկ այդ իրավիճակում չեն նախապատրաստվել ադրբեջանական այս համակարգային ճնշումներին: Իրավիճակը կարող է շատ ծանր լինել, բայց եթե դրան մոտենում ես առավելապես պատրաստված, դա վերաբերում է պարենային անվտանգությունից սկսած մինչեւ հասարակության հետ պատշաճ աշխատանքի իրականացում, ապա դու ե՛ւ շատ հնարավորություն ես ունենում ճկունություն դրսեւորելու, ե՛ւ ադրբեջանական ճնշումները չեզոքացնելու առումով»: Հարցին՝ հիմա ի՞նչ անենք, թույլ չտա՞նք, որ ադրբեջանական կողմը այդ բեռները ստուգի, բայց այդ դեպքում վտանգ կա, որ դրանք չեն հասնի առհասարակ արցախցուն, թույլ չեն տա, որ տեղափոխեն՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Ես ունեմ դրա հետ կապված իմ կարծիքը, բայց պետք է դիրքորոշում հայտնեն Արցախի իշխանությունները: Իրենք են պատասխանատու Արցախում ապրող մարդկանց անվտանգության եւ բնականոն կյանքի ապահովման համար: Սխալ կլինի, որ ես ասեմ իրենք ինչ կերպ պետք է վարվեն, համենայնդեպս, ադրբեջանական խաղի մեջ մտնելը մեզ ավելի վտանգավոր իրավիճակում կգցի, քան մենք այսօր ունենք»: Հարցին՝ այս օրերին ընդդիմության հասցեին քննադատություններ են հնչում, թե Արցախ էիք փրկում, բա գնայիք մի հատ Բերձորի միջանցք, տեղում ծանոթանայիք իրավիճակին, գիտենք, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ եղել են այնտեղ, դուք նրանց թվո՞ւմ եք՝ Աբրահամյանը պատասխանեց. «Ես հանդիպել եմ կոչեր, թե ինչու այս պահին դուք Բերձորում չեք եւ այլն, նախ, այն մարդիկ, ովքեր այդ կոչերը հնչեցնում են, չգիտեն, որ Բերձոր քաղաքը 3-4 ամիս է հանձնված է, երկրորդը՝ իսկ ո՞վ է ասել, որ միջանցքը այս կողմից բաց է եւ յուրաքանչյուրը կարող է ազատ երթեւեկություն իրականացնել: Անցակետը փակ է Տեղ գյուղը անցնելուց հետո: Սա նույնիսկ ասում են մարդիկ, ովքեր, համոզված եմ, որ այդ ուղղությամբ Արցախում չեն եղել, չեն էլ հասկանում, թե միջանցք հասկացողությունը քանի կմ է, ինչ բնակավայրերով է անցնում»: Կատակեցինք՝ երեւի սպասում էին, որ պետք է գնայիք, նկարվեիք ու ցույց տայիք, որ այնտեղ եք՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Ես աշխատում եմ Արցախի մեր բոլոր գործընկերների հետ եւ խմբակցությունների հետ ու բոլոր այն դերակատարների, որոնք այսօր ինչ-որ ձեւով որոշումների կայացման վրա ազդեցություն ունեն: Մենք մեր ցանկությունները, պատրաստակամությունը հայտնել ենք ոչ միայն հրապարակային ձեւով, այլ նաեւ հանձնել ենք նրանց, թե ինչով ենք պատրաստ աջակցելու ամենատարբեր իրավիճակներում: Կարծում եմ, այս իրավիճակում ամենակարեւորը դա է: Նկարվողները թող նկարվեն, ով որ աշխատելու է, թող աշխատի: Ես որեւէ ձեւով չեմ ուզում պատասխանատվությունը ընդդիմության վրայից մի կողմ դնել, բայց նման հայտարարություններ հնչեցնողները պետք է առաջին հերթին հասկանան, որ պետությունն է այստեղ առաջնային օղակը գործելու: Այն քաղաքական ուժը, որը ստանձնել է պատասխանատվություն, պատասխանատու է ե՛ւ բանակցությունների, ե՛ւ անվտանգության ապահովման ուղղությամբ, իսկ ընդդիմության լիազորությունները այս տեսանկյունից բավականին սահմանափակ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ