Աշոտյանի լապտերն ու քաղաքական ռիսկերը
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարության գործունեության ծրագրի երկօրյա քննարկումներից, բացառությամբ մեկ-երկուսի, բավականություն է ստացել: Քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություն արեց Արմեն Աշոտյանն ու նշեց, որ քանի որ հնչած հայտարարություններն ու ելույթները բացառապես քաղաքական են, ինքն էլ քաղաքական հայտարարություն կանի:
Արմեն Աշոտյանը դիտարկում արեց, թե ներկայիս խորհրդարանն այսօր կազմված է ներկա եւ նախկին իշխանություններից, հետեւաբար, պատգամավորները շատ լավ պետք է իմանան , թե ինչ խնդիրներ են ծառացած իշխանությունների առջեւ, որ խնդիրներն օբյեկտիվ են, իսկ գործողությունների մեջ սուբյեկտիվիզմ կարող է լինել ցանկացած իշխանության դեպքում:
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ իննսունինը թվականից մինչ օրս գործադիր իշխանությունը ղեկավարել է ՀՀԿ-ն: “Տասներեք տարի բացառապես Հանրապետական կառավարության ղեկավարության ներքո են գործել գործադիր իշխանության բոլոր հատվածները: Հիմա հասկանալի է, որ ոմանք ասում են` մենք այսպես, իսկ դուք ինչ: Մենք մենք ենք, իսկ որտեղ եք դուք”,-հարցրեց նախարարը:
Արմեն Աշոտյանը նշեց, որ այս կառավարության գործունեությունը պետք է գնահատել սկսած երկու հազարն յոթ թվականից, երբ ՀՅԴ-ն երկու տարի էր կառավարության կազմում` պաշտոնավարման քառասուն տոկոսով, ԲՀԿ-ն` հինգ տարի պաշտոնավարման հարյուր տոկոսով եւ ՕԵԿ-ը` չորս տարի, պաշտոնավարման ութսուն տոկոսով եւ ՀՀԿ-ն` հարյուր տոկոսով:
“Ինչ է նշանակում ձախողված կառավարություն եզրույթն այն մարդկանց կողմից, որոնք քառասունից հարյուր տոկոս: Ինչ է նշանակում սկզբունքային տարաձայնություն” ,-հարցրեց Արմեն Աշոտյանն ու շարունակեց, թե սկզբունքային տարաձայնության դեպքում քաղաքական ուժը լքում է կոալիցիան, ինչը արեց միայն ՀՅԴ-ն հայ-թուրքական հարցի հետ կապված:
ՀՀԿ-ական ԿԳ նախարարը նշել է, որ այս պարագայում խոսել հատվածական պատասխանատվության մասին, անլուրջ է: Անդրադառնալով ձախողված կառավարությունների ինդեքսին, Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ առումով ՀՀ կառավարությունն ամենակայունն է:
Արմեն Աշոտյանը խոսեց նաեւ “հետընտրական բարդույթներից” ու ասաց, թե շատ լավ հասկանում է այն գործիչներին, որոնք ասացին, թե դեմ չեն ծրագրին, այլ դեմ են կառավարությանը, որովհետեւ ”Մենք այնտեղ չենք եւ մենք չենք այն ձեւավորել”:
Արմեն Աշոտյանը կոչ արեց որոշումների կայացման վրա որոշակի ազդեցություն ունեցողներին օգնել կառավարությանը, որովհետեւ, հակառակ պարագայում, ըստ նրա, ձախողման մեջ մեղավոր կլինեն բոլորը: Կառավարության ծրագիրը նրա բնութագրմամբ “Հայաստանի քաղաքական դաշտի մտագրոհի արդյունք է”:
Անդրադառնալով կառավարությունում նոր դեմքերի բացակայության մասին հայտարարություններից, Աշոտյանն ասաց.”Քիչ է մնում Դիոգենի նման լապտերիկ վառեմ եւ գամ ձեր շարքերն ու փնտրեմ նոր դեմքեր”:
Աշոտյանը հորդորեց չթերագնահատել նախորդ գումարման խորհրդարանական ընդդիմությանը.“Այն շատ լավ ընդդիմություն էր եւ քաղաքական առումով տասնյոթի փոխարեն եղել է քսաներեք եւ որակական առումով ապացուցել է իր քաղաքական դերակատարության որոշակի ծանրակշռությունը,այն, ինչը դեռեւս այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դեռեւս չի ապացուցել”:
Աշոտյանը պատասխանեց նաեւ ռիսկերի գնահատման վերաբերյալ կառավարության հասցեին հնչած քննադատություններին ու նկատեց.”Ոչ մեկին չէր խանգարի գնահատել ռիսկերը: Օրինակ, եթե ճիշտ գնահատվեին ռիսկերը, ապա ինտեգրված լինելով որոշակի աշխարհաքաղաքական նախընտրություններ ունեցող ուժի մեջ, այլ ֆինանսական կենտրոններից գումարներն ավելի ուշադիր կտնօրինվեին, մյուս դեպքում` երկրորդ խորհրդարանական խմբակցությունից չէին վերածվի ամենափոքր խմբակցություններից մեկին, տասնութ քաղաքական ուժեր համախմբվելով հազիվհազ չէին հաղթահարի յոթ տոկոս բարիերը եւ այդ ընթացքում չէին կորցնի երեք կուսակցություններ, ափալ-թափալ քաղաքական ամուսնություն չէին ձեւակերպի եւ լիբերալները պահպանողականների հետ մեկ քաղաքական ուժով հանդես չէին գա”,-հայտարարեց Աշոտյանը:
Նա նշեց, որ ծրագիրն, ուզեն, թե ոչ, քաղաքական ուժերը միասին են իրականացնելու: Աշոտյանը գործընկերներին խնդրեց.”Երբ մեզ տեսնում եք, բարեւեք, մաղթեք բարի ախորժակ”:
Բարեկիրթ մարդը, Աշոտյանի խոսքով, կարող է մթնոլորտ փոխել: “Առողջ քննադատությունը օգնում է առողջ կառավարությանը, ինչպիսին , որ մենք կանք, իսկ անառողջ քննադատությունը կոփում է մեզ”,-շեշտեց Աշոտյանը:
Ըստ նրա, իշխանությունն իշխանություն է եւ այլընտրանք չունի, մինչդեռ ընդդիմությունն ունի այլընտրանք` ի դեմս քաղաքացիական հասարակության: “Մենք ուզում ենք ձեզ հետ աշխատել, օգնեք մեզ”,-եզրափակեց Արմեն Աշոտյանը: