Փորձում է սպեկուլյատիվ թեմա ստեղծել. Գալուստ Սահակյանը՝ Արամ Մանուկյանի մասին
“Ասի՝ քսանվեցի միտինգին կասես, միտինգային ժամանակաշրջան չի եւ չի կարելի լկտիության հասցնել ամեն ինչ’’,-ահա թե ինչ էր ասել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին վերջինիս ելույթի ժամանակ, երբ Արամ Մանուկյանը սկսեց քննադատել ԱԺ ՀՀԿ խմբակցության գործունեությունը:
Henaran.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀԱԿ պատգամավորը թեմայից շեղվեց եւ կառավարության ծրագրի փոխարեն կուսակցության գործունեությանն անդրադարձավ: “Մի տեսակ խաբուսիկ վիճակ ստեղծվեց, մտածեցին, թե արդեն էնքան են տեղավորվել, որ կարող են կուսակցությանը հարվածներ հասցնել”,-նկատեց Գալուստ Սահակյանն ու հավելեց.”Երբ ասում է, որ փորձառու խորհրդարանական է, պետք է մտածի, որ քաղաքական մեծամասնությունը եւ կառավարությունը նույն թիմն են”:
Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն անցնող հինգ տարիների ընթացքում մոտ 350 օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, այդ թվում եւ ` մայր օրենքի նախագծերով, բայց 4-րդ գումարման ԱԺ-ն չի հասցրել ամբողջը քննարկել, իսկ Արամ Մանուկյանը ներկայացրել է քննարկված կամ քննարկման փուլում գտնվող նախագծերի տվյալները: “Այսինքն, փորձում է տպավորություն ստեղծել, իբրեւ թե անգործունյա թիմ է, աբսուրդ բան է խոսում, թե էսքան հազար քվեարկությունից բոլորը կողմ են քվեարկել` չմտածելով, որ դրանք մեր նախագծերն են”,- Henaran.am-ին ասել է Գալուստ Սահակյանն ու հավելել. “Այսինքն, չունենալով փաստացի մոտեցում, որով կարող է թեմա ստեղծել, փորձեց սպեկուլյատիվ թեմա ստեղծել, որը բնականաբար իրեն չէր սազում. իհարկե, ինձ էլ չսազելով, փորձեցի կանխել, որպեսզի անճշմարտության փոսի մեջ իր տվայտանքներով չհեռանա՛՛: