Հրայր Թովմասյանը` ՛՛Հարսնաքար՛՛-ի միջադեպի մասին
“Այն, որ ասում ենք՝ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, պետք է դա հասկանանք, եւ մեղավորները պետք է պատժվեն: Չի կարող որեւէ նորմալ, բանական մարդ այդ արարքն արդարացնել”,-այսօր, անդրադառնալով “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Դիտարկմանը, թե նման պահվածք հաճախ դրսեւորում են պաշտոնատար անձանց թիկնազորի աշխատողները, Հրայր Թովմասյանը նշել է.”Այս ոլորտում էական դրական տեղաշարժ կա : Դուք մի քանի տարի առաջվա՝ թիկնազորներով մեքենաների շարասյուներ այսօր Երեւանի փողոցներում չեք տեսնում: Նման մեկ-երկու միջադեպերն ինձ հուշում են այլ բան: Միգուցե հասարակական սպսարկման օբյեկտներում անվտանգության ապահովման չափորոշիչներ պետք է սահմանվեն, եւ պիտի լինեն ծառայություններ՝ կամ լիցենզավորված,կամ պետության կողմից”:
Հրայր Թովմասյանն ասել է, որ իր տեղակալին արդեն իսկ հանձնարարել է` ուսումնասիրել, թե ինչպիսին է փորձն այդ ոլորտում: Նախարարի խոսքով, նմանատիպ օբյեկտները` ռեստորանները, սրճարանները, ինչպես նաեւ՝ խանութները, պետք է անվտանգության որոշակի համակարգեր ունենան, բայց թե ովքեր պետք է ձեւավորեն այդ համակարգը, ինչ պահանջներ պետք է դրվեն նրանց նկատմամբ, ինչ միջոցառումներ կարող են ձեռնարկել , պետք է հստակ եւ որոշակի լինի: