Նիկոլ Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը լուրջ վերաբերվել ԼՂ հայության կողմից ցեղասպանության սպառնալիքի մասին հնչող ահազանգերին
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները առավել շեշտում և ընդգծում են 20 դարի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման երևույթ։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն 4-րդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը։ Ուզում եմ ողջունել նախ մասնակիցներին՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող ցեղասպանություններն ու զանգվածային այլ ոճրագործությունները կանխելու, արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելու մանդատով օժտված մեր գործընկերներին, պաշտոնյաններին, գիտնականներին, դիվանագետներին, քաղաքական գործիչներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մասնագետներին։ 1948 թվականի դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան։ Կոնվենցիան ընդունելուց տարիներ անց՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնության և միջազգային համայնքի լայն աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ընդունել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ նախորդ գլոբալ ֆորումների ընթացքում, ցավոք, ավելի ու ավելի շատ ցեղասպանության երևույթը սկսել են դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլև մի վտանգ և սպառնալիք, որն այսօր էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի, և իսկապես ցեղասպանության կանխարգելումը դառնում է իրական խնդիր»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ են վտանգները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը՝ որպես սպառնալիք։
«Կարծում եմ՝ այդ ահազանգերին մենք բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք։ Թվում էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ մենք տեսանք և շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական»,-եզրափակեց Փաշինյանը։