Որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե ԲՀԿ-ն կարող է ավելի մեծ պատասխանատվություն վերցնել. Նաիրա Զոհրաբյան
“Այո, ԲՀԿ-ն եղել է քաղաքական կոալիցիայի մաս և երբևէ չի խուսափել պատասխանատվությունից, այդ մասին մենք մշտապես ասել ենք, բայց որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե ԲՀԿ-ն կարող է վերցնել ավելի պատասխանատվություն կամ պատասխան տալ ավելիի համար, քան եղել է ԲՀԿ-ի իրական լիազորությունը և իրական ազդեցությունը”,-քիչ առաջ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով ԱԺ դահլիճում ԲՀԿ-ի հասցեին հնչած հայտարարություններին:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե կոալիցիայի մաս կազմած ժամանակ ԲՀԿ-ն չի ընդդիմացել կառավարության քաղաքականությանը: Նրա խոսքով, բազմաթիվ անգամներ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել այս կամ այն նախագծին, որը բերել էր կառավարությունը:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե երկրի առջեւ պատասխանատվության խնդիրն էր պատճառը, որ ԲՀԿ-ն չցանկացավ շարունակել մաս կազմել այս կառավարությանը: ԲՀԿ-ական պատգամավորը վերջում արձագանքեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի դիտարկմանը պատգամավորների փոխադարձ բարեկրթության մասին:
“Խորհուրդ տրվեց, որ մենք խորհուրդ տանք որոշներին պահպանել ախորժակ: Ես կարծում եմ, որ ոմանց ախորժակը բոլոր առումներով այնքան լավ և այնքան բարենպաստ զարգանում է, որ լրացուցիչ բարեկրթության պակաս չկա”,-հայտարարեց նա: