Մենք պաշտպանելու ենք կառավարությանը ժողովրդահաճո դեմագոգիայից. Հովիկ Աբրահամյան
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագրի քննարկումը դրական գնահատեց ու շեշտեց.”Ինձ համար այսօր ավելի քան հստակ է, որ մենք կարողանալու ենք արդյունավետ աշխատանք կազմակերպել ԱԺ-ում եւ ունենք լավ խորհրդարան”:
ԱԺ նախագահն ասաց, որ սխալ կլինի կարծել, թե իրեն ամեն ինչ դուր եկավ, բայց նա կարեւորեց.”Այս քննարկումը հանուն քննարկում էր”:
Կառավարության ծրագրի քննարկումը, նրա խոսքով, այն մասին էր, որ պարտադիր չէ, որ ընդդիմությունն ամեն ինչ ասի ու անի, միայն թե դեմ լինի իշխանությանը և հակառակը: Հովիկ Աբրահամյանն այս քննարկումը բնութագրեց որպես քաղաքական բանավեճ , որի համար ընտրողներն իրենց գործուղել են խորհրդարան: “Ես համարում եմ, որ մեր աշխատանքի սկիզբը արդյունավետ աշխատանք է խոստանում հետագայում”,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով կառավարության ծրագրին, ԱԺ նախագահն ասաց, որ այն իրատեսական եւ ընդգրկուն փաստաթուղթ է, որի հիմքում ՀՀԿ նախընտրական ծրագիրն է, որին սատարել են հարյուր հազարավոր քաղաքացիներ:
“Սա ծրագիր է, որով պետք է առաջ տանենք երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը: Մեր բոլորի նպատակն է, որ երկիրը զարգանա ու բարգավաճի, և մենք բոլորս պետք է հասկանանք, որ պետք է կառավարության հետ հաշվի նստենք: Պետք է միանանք վարչապետի առաջարկներին ու հորդորներին` կա հնարավորություն, որ խորհրդարանն աջակցի կառավարությանը, եթե ձեր նպատակն է երկիրը տանել առաջ, դեպի կայուն զարգացում”,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Նա ցիտեց հանրապետության նախագահին, որ փոփոխությունները պետք է հասնեն ամենուր եւ չպետք է ուշանան:
Վերջում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. “Մենք, դահլիճում ունենալով մեծամասնություն, կոալիցիա, պաշտպանելու ենք վարչապետին, պաշտպանելու ենք կառավարութոյանը եւ առաջարկում ենք ձեզ, եթե ձեր նպատակն է երկիրն առաջ տանել, միանալ կառավարության ողջամիտ առաջարկներին: Մենք պաշտպանելու ենք կառավարությանը ժողովրդահաճո դեմագոգիայից”: