Այս հայտարարությունը մի նպատակ ունի` զրպարտել ու վարկաբեկել անձամբ վարչապետին. Տիգրան Սարգսյան
“Մեր քաղաքական թիմն էապես հեշտացրեց իմ ելույթը: Մեր գործընկերներն անդրադարձան այն հարցերին, որոնք բարձրացվեցին այս դահլիճում”,-իր եզրափակիչ ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ծրագրի քննարկմանն, ամփոփելով իր խոսքը, Տիգրան Սարգսյանը շեշտեց.”Մենք անսխալական չենք, երբեւիցե այդպիսի դիրքորոշմամբ հանդես չենք եկել: Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեզնից պահանջել է, որ մենք մշտապես բաց եւ թափանցիկ լինենք եւ ինքներս բացահայտենք մեր թերությունները, եւ մեր աշխատաոճն այդպիսին է եղել, բայց դա չի նշանակում, որ եթե մենք բացահայտում ենք մեր բացթողումներն ու թերությունները, մեզ պետք է վերագրեն բաներ, որ մենք չենք ասել եւ չենք արել: Դա թուլության նշան է”:
Վարչապետը եւս մեկ անգամ անդրադարձավ կառավարության հասցեին հնչեցված մեղադրանքներին եւ հորդորեց քաղաքական ու գաղափարախոսական բանավեճից անձնական դաշտ չանցնել: “Լավ մեթոդ չէ, անձնական դաշտում կարեւորագույն պետական խնդիրներ քննարկել”,-նշեց Տիգրան Սարգսյանը:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբացության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե վերջին տարիների ընթացքում վարչապետը կտրուկ ավելացրել է իր հարստությունը:
“Այս հայտարարությունը մի նպատակ ունի` զրպարտել ու վարկաբեկել անձամբ վարչապետին: Ես հորդորում եմ զերծ մնալ այդպիսի հայտարարություններ հնչեցնելուց ու այս ամբիոնը չօգտագործել այդ նպատակով: Դա վայել չէ հայ մարդուն”,- շեշտեց Տիգրան Սարգսյանը:
Նա նաեւ նշեց, որ քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն: Տիգրան Սարգսյանը դիմելով կառավարության ծրագրի քննադատներին` ասաց, որ որեւէ նոր բան, նոր փաստարկ չհնչեց, բոլոր այն խնդիրները, որոնք հնչեցին, ամփոփված են կառավարության ծրագրում` իրենց լուծումներով:
Հիշեցնենք, որ քիչ առաջ կողմ՝ 75, դեմ 47, ձեռնպահ` 1 ձայների հարաբերակցությամբ կառավարության ծրագիրը հաստատվեց: