26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏՏ ոլորտը բախվում է ճգնաժամի

Անցնող տարին հետաքրքրական էր աշխարհաքաղաքական զարգացումներով և դրանց ֆոնին մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումներով։ Հայաստանյան տնտեսական կյանքում հատկապես ակտիվ շարժ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան տեղափոխված մեծ թվով ռուսաստանցիների միջոցով, որոնց գերակշիռ հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի աշխատակիցներ են։ Շատ դեպքերում ամբողջ ընկերություններ էին իրենց աշխատակիցներով տեղափոխվում այստեղ` խուսափելու ՌԴ դեմ գործադրվող սահմանափակումներից և պատժամիջոցներից։
Սա, անշուշտ, բերեց տնտեսական մեծ ակտիվություն և արտարժույթի մեծ ներհոսք։ Սակայն եթե տարվա սկզբին դոլլարը բավականին թանկ էր, ապա ամսեամիս աստիճանաբար անկում ապրեց, ինչը հանգեցրեց դրամի էական արժևորման և դրանից բխող մի շարք խնդիրների, որ վերաբերում են հայ տնտեսվարողներին։ Հատկապես ծանր իրավիճակում են հայտնվել արտահանող տնտեսությունները, որոնք միջազգային շուկայում հայտնվում են մրցակցությունից դուրս և կրում հավելյալ ծախսեր։

Ճգնաժամից խուսափել չի հաջողվել նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին։ Այս առիթով«Հայկական ալիք»-ը զրուցել է հայկական ՏՏ կազմակերպություններից «Վօլօ», «Զանգի», «Թաքթուն», «Ռաֆա սոլյուշնս» և «Բիթլիսմեն» ընկերությունների հիմնադիրների, ինչպես նաև քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Ստորև կարող եք ծանոթանալ ստեղծված իրավիճակի շուրջ նրանց մեկնաբանություններին։
Հայտնի է, որ այս տարվա ընթացքում դոլլարի կուրսը դրամի նկատմամբ նվազել է մոտ 20%-ով։ Այս երևույթը տնտեսագիտության մեջ անվանում են նաև «հոլանդական հիվանդություն», երբ արտասահմանյան արժույթի մեծ ներհոսք է տեղի ունենում դեպի երկիր, որի հաշվին արժևորվում է տվյալ երկրի ազգային արժույթը, և դրա հաշվին արտահանման արժեքը բարձրանում է, և արտահանող բիզնեսները դառնում են ոչ մրցունակ։ Այս երևույթն այժմ նկարագրում է այն իրավիճակը, որում հայտնվել են հայրենական արտադրողները, այդ թվում՝ մի շարք ՏՏ ընկերություններ։ Ոչ մրցունակությունն ամենակարևոր խնդիրներից է, որին բախվում են հայրենական ՏՏ ընկերությունները, որոնք իրենց արտադրանքն ու ծառայություններն են փորձում վաճառել միջազգային շուկայում։

«Վօլօ» ըկերության տնօրեն Արմեն Քոչարյանը նշում է. «Դրամի սթրեսային արժևորում է տեղի ունեցել։ Եթե մեր ուղիղ մրցակից Լեհաստանի մոտ [արժույթը] 20% ընկել է, իսկ մեր մոտ արժևորվել է 20%-ով, ապա մենք իրար մեջ 40%-անոց շուկայական մրցակցության խնդիր ունենք։ Երբ որ մեզ ասում են` «գնացե՛ք, ձեր հաճախորդներին բացատրե՛ք, որ մեր դրամը արժևորվել է, գները պետք է բարձրացնենք դոլարով», մեզ ասում են «ինչո՞ւ բարձրացնենք, մեր փողը ավելի ուժեղացել է ամբողջ աշխարհում, այսինքն՝ եթե ես քեզ տալիս էի առաջ 100 դոլլար, որը 80 եվրո էր, հիմա ես տալիս եմ 100 դոլլար, որը 120 եվրո է։ Ինչո՞ւ ես իմ ուժեղացած փողից ուզում ավելի շատ ստանալ»»։
Սթրեսային արժևորում ասվածը ենթադրում է, որ դոլլարային արժույթի անկումից հետո ամբողջ աշխարհում բոլոր երկրներում ազգային արժույթները ևս անկում են ապրել, իսկ մեր պարագայում, ընդհակառակը` դրամն արժևորվել է։ Սրա արդյունքում հայրենական արտադրանքը, որը պետք է վաճառվի արտասահմանյան շուկայում, պետք է բարձրացնի գները, որի պարագայում դուրս է մնում մրցակցությունից, քանի որ, ինչպես նշում է «Բիթլիսմեն» ընկերության տնօրեն Աշոտ Մինասյանը, «այն իրավիճակում, երբ ամեն ինչ շատ լավ է, ու դու ինչ-որ օբյեկտիվ պատճառով գինը թանկացնում ես, դեռ ոչինչ։ Սակայն երբ ամբողջ աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, յուրաքանչյուր ընկերություն, որ ուզում է աութսորս (արտապատվիրում – Ս․Ն․) անել, փնտրում է լավագույն գին-որակ հարաբերությունը, ու ֆինանասական ճգնաժամի ժամանակ նույնիսկ որակը կարող է մի քիչ տուժել, կարևորը գնի մեջ տեղավորվելն է։ Գին թանկացնելը կատաստրոֆիկ բացասական է ազդելու մրցակցային առավելությունների վրա։ Չթանկացնել ֆիզիկապես չենք կարողանում, որովհետև խնդիրը ոչ թե կարճաժամկետ է` մի ամիս, երկու ամիս, երեք ամիս, այլ մի տարի է անընդհատ, և ամեն հաջորդ պահին ավելի վատ է, քան նախորդ պահին»։

Այստեղ նախ անհրաժեշտ է հասկանալ առհասարակ ՏՏ ոլորտի ընդհանուր պատկերը Հայաստանում՝ վիճակն ավելի համալիր պատկերացնելու համար։ Ընդհանրական առումով այն բաղկացած է երկու տեսակի ընկերություններից։ Մի տեսակի ընկերությունները «արտադրող» ընկերություններն են, որոնք ստեղծում են արտադրանքներ և այդ արտադրանքը վաճառում են միջազգային շուկայում։ Մյուս տեսակի ընկերությունները «ծառայություն» տեսակի ընկերություններն են, որոնց ուրիշ արտասահմանյան ընկերություններ արտապատվիրում են անում ընդհանուր նախագծի ինչ-որ հատված` ավելի մատչելի գին առաջարկելու պատճառով։ Արտապատվիրման դեպքում կարևորը, որ գին-որակ հարաբերությունը լավը լինի։ Ժամանակի ընթացքում Հայաստանն իր ուրույն տեղն է գրավել շուկայում գին-որակ հարաբերությամբ, թեև ամենամատչելին չէ։ «Արտադրող» ընկերությունները, որոնք նաև պետք է փորձեն վաճառքը Հայաստանից իրականացնել, 20% փոխված կուրսի դեպքում 20%-ով նվազ եկամուտ են ստանում։ «Ծառայություն» տեսակի ընկերությունների վիճակը շատ ավելի ծանր է։ Մարժան, որի վրա նրանք գումար են վաստակում, սովորաբար շատ մեծ չի կարող լինել, որովհետև հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց մրցակցային առավելությունը։ Ու այդ մարժան սովորաբար 20%-ից էլ պակաս է լինում։ Ստացվում է, որ ամբողջ հասույթը, որ նվազել է 20%-ով, իսկ շատ դեպքերում նաև՝ 20%-ից ավելի շատ, ստիպում է, որ ընկերությունը վնասով աշխատի։

«Ռաֆա Սոլյուշնս» ընկերության տնօրեն Ռաֆայել Ղասաբյանի հավաստմամբ՝ ՏՏ ոլորտում այս տատանումը բոլորին է վնասում, և դրա պատճառն այն է, որ ինժեներական ոլորտը Հայաստանում մեծ մասամբ արտահանող է։ Եվ շատ մեծ է հավանականությունը, որ միջազգային շատ կազմակերպություններ կդադարեցնեն իրենց մասնաճյուղերի գործունեությունը Հայաստանում։
Այսինքն՝ ընդհանուր առմամբ հասկանալի է դառնում, որ դրամի արժևորումը դոլլարի նկատմամբ բազմաթիվ բացասական հետևանքներ է հարուցել։ Դրականի քողի տակ, այն է` գնաճի զսպում, արտաքին պարտքի նվազեցում, թաքնված են բազմաթիվ ռիսկեր, և որքան այս իրավիճակը երկարաձգվի, այնքան ավելի մեծ կլինեն այն վնասները, որ կրում են հայ տնտեսվարողները։ Այստեղ, իհարկե, շրջանակը չի սահմանափակվում միայն ՏՏ ոլորտով։ Զբոսաշրջության, գինեգործության, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներ, որոնք տեղական անկախ տնտեսության հիմքն են կազմում, ևս կրում են ահռելի վնասներ։ Եվ պատճառաբանել այս ամենն ընդամենն արտարժույթի մեծ հոսքով, հնարավոր չէ, քանի որ պետությունն իր հերթին պետք է մշակեր իր քաղաքականությունը և թույլ չտար, որ նման ճեղք առաջանա։ Նման իրավիճակներում ընկերությունները փորձում են կատարել ռիսկերի գնահատում և կրճատել ծախսերը, սակայն հասկանալի է, որ դա լուծում չէ, առավել ևս` երկարաժամկետ։ «Մարդը տեսնում է, որ բենզինը չի փոխվել կամ փոխվել է շատ քիչ, ինքը մտածում է` սա կայունություն է, բայց իրականում դա կայունության զգացողություն է։ Որովհետև այդ կայունությունը ապահովվել է լրիվ արհեստական միջոցներով։ Եթե նայենք, բենզինի գինը վերջին հաշվով դոլլարով թանկացել է։ Այսինքն՝ եթե չնայենք դրամով, այլ իրական արժեքով` արտարժույթով, բենզինը թանկացել է մինիմում 20-25%-ով»,- նկատում է «Զանգի» ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։
Նման պարագաներում սովորաբար ընկերությունները 4 ճանապարհ ունեն։ Եթե ընկերությունն ինչ-որ չափով կայացած է, ապա այս իրավիճակում սկսում է շահագործել տարիների ընթացքում կուտակած պահուստային ֆոնդը։ Պահուստային ֆոնդի սպառումից հետո ընկերությունները կա՛մ պետք է աշխատավարձերն իջեցնեն, որպեսզի կարողանան դիմակայել իրավիճակին, կա՛մ հաճախորդներին համոզեն, որ իրենց ծառայությունների արժեքը բարձրացնեն, կամ էլ պետք է պարզապես կրճատեն մարդկանց։

Ծառայությունների թանկացման պարագայում, ինչպես հասկացանք, ընկերությունը կկորցնի միջազգային շուկայում իր մրցունակությունը։ Նույնիսկ եթե հաջողվի գինը բարձրացնել, ապա մինշանակ ոչ 20%-ով, քանի որ արտասահմանյան մեծ տնտեսություններում խոսքը 3-7%-ի մասին է։ Այսինքն՝ ամեն դեպքում դա չի բերում հին շահույթը։ Աշխատավարձի կրճատման դեպքում էլ, երբ ունես երկրում գնաճ և կրճատում ես աշխատավարձ, անմիջապես վատանում է մարդու կենցաղային վիճակը` անկախ նրանից, թե ինչքան բարձր էր վարձատրվում նա մինչ այդ։ Երբ կա գնաճ, և դու աշխատավարձ ես իջեցնում, իջեցնում ես նաև մարդու կյանքի որակը, որը, բնականաբար, կարող է բերել նրան, որ մարդը, տեսնելով, որ նույն աշխատանքն է անում, բայց 20%-ով քիչ պիտի ստանա, հրաժարվում է նույն տեղում աշխատելուց և փնտրում է այլ շահավետ առաջարկներ։ «Ու ստացվում է, որ մենք, որ տասնյակ տարիներով խոսում ենք կրթական միջավայրերի, մասնագիտական պատրաստվածության մասին, թրեյնինգներ (վերապատրաստում – խմբ․) և այլն, այսինքն` ամեն ինչ անում ենք, որ այդ մասնագետներին պատրաստենք, ինչ-որ մի որոշմամբ գալիս ենք նրան, որ այդ մասնագետներին դրդում ենք այլընտրանքներ փնտրելու։ Միայն հայրենասիրության վրա չենք կարող խաղալ, պետք է երկիրը դարձնել տնտեսապես մրցունակ»,- ասում է «Վօլօ»-ի հիմնադիր Ա. Քոչարյանը։ Երբ որ գործը հասնում է մարդկանց աշխատանքից հեռացնելուն, ապա ակնհայտ է դառնում, որ կազմակերպությունն սպառում է կենսունակությունը, ռեսուրսները չեն հերիքում ֆինանսավորելու, չգիտի, թե ինչպես է վճարելու հաջորդ ամսվա աշխատավարձը։ Բնականաբար, հասկանալի է դառնում, որ այլևս տվյալ կազմակերպությունը թուլացել է, ինչը նշանակում է, որ ինքնին տնտեսության տվյալ ճյուղն է թուլացել և սկսում է քանդվել։
Նմանատիպ իրավիճակում դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան դեպքերը, սակայն ակնհայտ է, որ խարխլվելու են տարիներով ստեղծված համակարգերը։ «Վերջին 15 տարիների ընթացքում գրեթե միջինը 20%-ով ունեցել ենք ստաբիլ [ՏՏ] աճ։ Նմանատիպ քայլերը կբերեն այդ գործունեության աճի դանդաղեցման։ Այսինքն՝ եթե միջազգային կոնյունկտուրան ՏՏ-ի մասով պահպանվի և ավելի չվատանա, աճը կարող է 20%-ից զգալիորեն նվազել։ Իսկ եթե միջազգային կոնյունկտուրայի փոփոխություն լինի բացասական ուղղությամբ, այդ աճը կարող է լինել բացասական»,- ասում է «Զանգի» ընկերության տնօրենը։
Ակնհայտ է, որ այս պայմաններում, եթե կայացած ընկերությունները կարող են մի կերպ ծայրը ծայրին հասցնել, ապա համեմատաբար նոր, սկսնակ և փոքր ընկերությունների պարագայում այս ճգնաժամը կարող է դառնալ անհաղթահարելի։ Եվ հերթական անգամ կստանանք պատկեր, երբ հայրենական արտադրողն անտեսված է։

Թեմայի մեկ այլ ասպեկտ է ՌԴ-ից Հայաստան տեղափոխված ՏՏ աշխատակիցների հարցը։ Այս հարցում ևս պետությունը հետևողական քաղաքականություն չի տարել` բաց թողնելով այդ հնարավորությունների պատուհանը ևս։ Չեն ստեղծվել պատշաճ պայմաններ, որպեսզի վերջիններս հետագայում շարունակեն իրենց գործունեությունն այստեղ։ Ամեն ինչ թողնվել է, այսպես կոչված, ինքնահոսի, իսկ մեծ ներհոսքի պատճառով առաջացած «կողմնակի ազդեցությունների» կանխարգելման և վերահսկման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվել։ Վ. Մարտիրոսյանը նշում է. «Դա շատ մեծ հնարավորություն էր մեզ համար։ Այնպես էին դասավորվել հանգամանքները, որ մենք, գտնվելով ԵԱՏՄ-ի մեջ, կարող էինք մի օգուտ ստանալ։ Կարող էինք ավելի լավ պայմաններ ստեղծել և անձամբ ներգրավել մեծ ընկերությունների ամբողջ անձնակազմը։ Մասնագիտական առումով էլ շատ բարձր մակարդակի են իրենց կադրերը։ Սակայն նույն դրամի կուրսն ազդում է իրենց վրա։ Իրենց աշխատանքը արտարժույթով է, բնակարանի համար վճարում են արտարժույթով, ապրում են արտարժույթով»։ Նույն մոտեցումն ունի նաև «Վօլօ»ընկերության տնօրեն Ա. Քոչարյանը` ասելով. «Իհարկե շատ լավ է, որ ռուսական կազմակերպությունները եկան, բայց փորձենք գնահատել` իրենք կմնան այստեղ, թե ոչ։ Երբ արտաքին քաղաքական խնդիրները լուծվեն, քանի՞ տոկոսը նրանցից այստեղ կմնա, տնտեսության վրա ի՞նչ էֆեկտ կունենա։ Կան ռուսական կազմակերպություններ, որոնք եկել են այստեղ ու տեսնելով դրամի արժևորումը՝ մտածում են, որ այստեղ լավ չէ ու գնալ է պետք այլ շուկա, որտեղ հարկերը, տան վարձն այսքան բարձր չեն։ Եվ մենք ունենինք մարդիկ մեզ մոտ, որոնք հետո գնացին, ցավոք։ Եվ կա հսկայական շուկա, որն ուղղակի փոշեկուլով քաշում է այդ մարդկանց։ Խոսքը Թուրքիայի մասին է… Ավտանգային տեսակետից չեմ կարծում, որ Հայաստանը ամենաանվտանգ երկիրն է այսօր աշխարհում։ Եվ դա հաշվի առնելով` հարց է առաջանում, թե ինչն է նրանց պահում այստեղ։ Գուցե ինչ-որ միջավայր կա, բայց արդյոք դա բավարա՞ր է ստրատեգիկ դիրքորոշվելու և այստեղ տեղավորվելու համար․ անձամբ [ես] համոզված չեմ»։

Շարունակելով ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսքի թեման` Ա․ Քոչարյանն ասում է. «Երբ որ ասվում է, որ 9 ամսում 77 մլրդ ու ավել հարկ է հավաքվել, 14․1 % և ավել տնտեսական աճ, այսինքն` չկանխատեսված մեծ ծավալների եկամուտ է գրանցվել, հասկանում ենք, որ դա ԵԱՏՄ երկրներից տեղափոխված մարդկանց, բիզնեսների, կապիտալի հետևանքով ես ունեցել այդ աճը»։
Մեկ այլ խնդիր, որը բարձրաձայնել է մեզ հետ զրույցում «Թաքթուն» ընկերության տնօրեն Անի Արթենյանը, հարկերի խնդիրն է։ Կարևոր հանգամանք է այն, որ այս բոլոր ՏՏ ընկերությունների արտադրանքը սովորաբար կարճաժամկետ չէ։ Ընկերություններն ինչ-որ պատվեր են ստանում, կես տարի, մեկ տարի այդ պատվերի վրա աշխատում են, հետո այդ պատվերը հանձնում են։ Եթե իրենք ստացել են պատվեր և կանխավճար, ապա մեկ տարի հետո, երբ այդ պատվերը հանձնում են, կախված նրանից, թե հարկային ձևակերպումներն ինչպես են իրականացված, լինում են դեպքեր, երբ հարկայինը ասում է, որ եթե գումարը հունվար ամսին է ստացվել, հաշվարկը պետք է իրականացվի հունվար ամսի կուրսին համարժեք դրամով։ Այսինքն՝ դա կրկին լրացուցիչ 20%-ի վնաս է։ Հետևաբար՝ եթե վատագույն տարբերակը դիտարկենք, երբ պատվերը հունվար ամսին է ստացվել, կամ ավելի վատ` նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և հիմա նախագիծը պետք է հանձնվի` կախված հաշվապահական ձևակերպումներից, ոչ միայն կորցնում ես դոլլարի նվազման արդյունքում գոյացած 20 %-ը, այլև ևս 20%-ով, ըստ էության, բարձրանում է հարկը։
Շատ կարևոր է նաև անդրադառնալ հայկական ՏՏ ոլորտի բացթողումներին, որոնք խոչընդոտում են այս ոլորտի առաջանցիկ զարգացումը առավել և որի ապահովումը կրկին պետության պարտականությունն է։ Խոսքը մեծ ենթակառուցվածքների բացակայության մասին է։ Այս մասին մեզ հետ հանգամանալից խոսել է Վ. Մարտիրոսյանը։ Վերջինիս հավաստմամբ՝ խնդիրը մեր ՏՏ-ի կապվածությունն է ծրագրաշարի (software) հետ, այսինքն` հայրենական ՏՏ-ն հիմնականում ծրագրային լուծումեր է տալիս։ Դրա պատճառը հիմնականում այն է, որ ոչ ծրագրային լուծումները ավելի բարդ է սկսել և դրանք, որպես կանոն, ավելի ծախսատար են։ Ծրագրային լուծումների դեպքում շատ հեշտ է, այսինքն` կարող ես ունենալ համակարգիչ ու սկսել ծրագրավորել։ Այդ դեպքում ներդրումն ընդամենը մի քանի հազար դոլար է կազմելու։ Բայց երբ ուզում ես ստեղծել մի այլ բան, օրինակ` ջրածնային տեխնոլոգիաների հետ կապված նախագիծ, միայն այդ ենթակառուցվածքներն ապահովելը կարող է արժենալ միլիոնավոր դոլլարներ։ Այսինքն` այն մարդը, որն ունի գաղափար` ոչ ծրագրային, այլ բան ստեղծելու, չի կարողանում, որովհետև դրա համար պետք են բազմապատիկ անգամ ավելի շատ միջոցներ, որոնք չկան։ Այսինքն` ցանկացած տեղ ՏՏ կարողանում է զարգանալ, եթե կա համապատասխան ենթակառուցվածք։ Ըստ Վ․Մարտիրոսյանի՝ մեզ մոտ ՏՏ-ի «ոռոգման համակարգը» ֆինանսական ենթակառուցվածքն է՝ վենչուրային կապիտալը, ներդրումային տարբեր տեսակները, նույնիսկ՝ դրամաշնորհային համակարգերը։ Դրանք ՏՏ-ի «ոռոգման» համակարգն են, որ Հայաստանում չկան, չեն եղել և դե-ֆակտո իշխանությունները չեն էլ մտածում դրանք ստեղծելու մասին։ «Պետության գործն է ենթակառուցվածք ստեղծելը, ոչ թե անհատների, իսկ պետությունը դա չի անում։ Եվ սրա արդյունքներից մեկը ռազմարդյունաբերությունն է։ Ինչո՞ւ այն չի աճում. որովհետև այնտեղ այլ տրամաբանություն է աշխատում։ Չենք կարող վերցնել, օրինակ, կիբերֆիզիկական համակարգ ստեղծել։ Կիբերֆիզիկական համակարգ ստեղծելու համար նախնական ներդրումը պետք է լինի հարյուրապատիկ ավելի շատ, քան անհրաժեշտ է ծրագիր գրելու համար։ Ծրագիրը շատ հեշտ է գրել, ցանկացած համակարգչով կարելի է անել։ Բայց ցանկացած ռոբոտացված համակարգ փորձեք ստեղծել, դրա համար լրիվ այլ ենթակառուցվածք է պետք»,- ասում է «Զանգի»-ի հիմնադիրը։
Սա վկայում է այն մասին, որ ՏՏ ոլորտում կան հիմնարար խնդիրներ, որոնք բերում են որակական աճի դանդաղման։ Այսինքն՝ աճ կա, բայց աճը հորիզոնական է, ուղղահայաց շատ չունենք։ Այլ կերպ ասած` ՏՏ-ի արդյունավետության բարձրացում կա, բայց այն շատ դանդաղ է կատարվում։ «Օրինակ՝ ունենք ներգրավված մոտավորապես 30000 աշխատակից ՏՏ-ում, սակայն գեներացնում ենք 1 մլրդ դոլարին համարժեք համախառն արդյունք, որը եթե վերցնենք համաշխարհային ցուցանիշներով նախադեպային տրամաբանությունում բավականին ցածր ցուցանիշ է։ Միգուցե այդ 1 մլրդը մեզ համար հիմա երևում է բավականին բարձր, բայց 30000 մարդ, որ 1 մլրդ դոլար է գեներացնում ընդամենը ՏՏ ոլորտում, շատ ցածր ցուցանիշ է։ Սա այն ցուցանիշն է, որ մենք չենք ունեցել ուղղահայաց աճ։ Այս ցուցանիշը, ըստ իս, պետք է 3-4 անգամ բարձր լիներ»,- նկատում է Վ. Մարտիրոսյանը։
Ստացվում է, որ դե-ֆակտո իշխանությունները բավական չէ, որ չեն անում իրական ներդրումներ ոլորտը զարգացնելու համար, մի բան էլ եղած ենթակառուցվածքներն են քանդվում ոչ կոմպետենտ քաղաքականության պատճառով։ Իսկ երբ ՏՏ ոլորտի աշխատակիցների բողոքներին ի պատասխան ասվում է, որ պետք է ավելի շատ ռեսուրս դնել կրթական ծրագրերի և ենթակառուցվածքի մեջ` ավելի կայուն միջավայր ստեղծելու նպատակով, այլ ոչ թե մեղադրել դե-ֆակտո կառավարությանը, հարց է առաջանում, թե որտեղից պետք է այդ ռեսուրսները ներդրվեն, եթե հիմա քիչ թե շատ խոշոր ընկերություններն օգտագործում են իրենց պահուստային ռեսուրսները նույն դե-ֆակտո կառավարության ստեղծած ճգնաժամը հաղթահարելու համար։

Հարց է առաջանում, թե ինչ է անում դե-ֆակտո կառավարությունն այս իրավիճակում և ինչ պետք է անի, որը չի ձեռնարկում։ Հիմնական քայլը եղել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագծի կազմումը, որն անգամ քննարկման չի մտել դե-ֆակտո կառավարության նիստին։ Նախագիծը ենթադրում է փոխհատուցում «2022 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ամիսների համար աշխատողներին հաշվեգրված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտներից պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով»։ Սակայն փաստ չէ, որ այդ փոխհատուցումը կվերականգնի բիզնեսների կրած վնասները, ինչն ավելի կարևոր է՝ կկանխի ապագա կորուստները։
Այս համատեքստում կարևոր է հիշատակել, որ անցյալում ևս Հայաստանը հայտնվել է նմանատիպ իրավիճակում, երբ 2003-2008 թթ. դրամը կրկնակի արժևորվել էր դոլարի նկատմամբ` դառնալով 600-ից մոտավորպես 300 դրամ` դոլարի նկատմամբ: Դա հանգեցրել էր տեղական արտադրության նվազմանը և արտահանման նվազմանը: Սա բերել է խորը ճգնաժամ աշխատաշուկայում, որին գումարվել է համաշխարհային ճգնաժամը` թողնելով ծանր հետևանքներ ՀՀ տնտեսության վրա: Սա հետևանքն է տնտեսական հավասարակշռության խախտման, որի արդյունքը դարձավ 2009 թ. անկումը` 14,15%, ինչի շնորհիվ Հայաստանը համալրեց համաշխարհային ճգնաժամի ընթացքում ամենամեծ անկում գրանցած երկրների ցանկը։ Ակնհայտ է, որ ներկայիս դե-ֆակտո իշխանությունները ոչ մի հետևություններ չեն արել և չեն էլ պատրաստվում անել այս ցավալի փորձից:

Նամանավանդ կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ այս ճգնաժամը չի սահմանափակվում միայն ՏՏ ոլորտով։ Այն առնչվում է յուրաքանչյուր տեղական արտադրողի՝ ստեղծելով ֆինանսական մեծ խնդիրներ։ Մինչդեռ ազգային պետության առաջնային գործառույթը պետք է լինի հայրենական արտադրողին խրախուսելն ու աջակցելը։
Քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով առաջին հերթին պետք է գիտակցել, որ ՏՏ ոլորտն ամեն դեպքում շարունակելու է աճել։ Իսկ օրինակ այն ոլորտներում, որոնք գերագնահատված են կրթության շուկայում, ինչպես` իրավաբանությունը, տնտեսագիտությունը, միջազգային հարաբերությունները, պետք է մարդկանց ուղղորդել, որ տեխնիկական կրթություն ստանան։ Լրացուցիչ պայմաններ է անհրաժեշտ առաջարկել, որպեսզի ՏՏ զարգանա ոչ միայն Երևանում, այլ նաև այլ բնակավայրերում։ Զարգացման տեսանկյունից նաև անչափ կարևոր է կապը Սփյուռքի հետ, Սփյուռքից ներգաղթի կազմակերպումն ու ինտենսիվ շփումը։ Սակայն ինչպես տեսնում ենք, ՀՀ դե-ֆակտո իշխանություններն անում են ճիշտ հակառակը` օտարելով ազգային Սփյուռքը Հայաստանից և ստեղծելով խորը անջրպետ թե՛ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, թե՛ բուն Սփյուռքի ներսում։
Հեղինակ՝ Սյուզան Նաջարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ