26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու իշխանությունը ի վիճակի չէ զենք գնել

Նախօրեին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը միակողմանի կարգով խզել է հորդանանյան «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» (Jadara Equipment and Defense Systems) զինամթերք արտադրող ընկերության հետ պայմանագիրը։ Փաստաթուղթը[1] հրապարակվել է Հայաստանի ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում։ ՀՀ ՊՆ մատակարարից պահանջում է ծանուցումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում 23․200․000 ՀՀ դրամ փոխանցել Հայաստանին, քանի որ ընկերությունը հայկական կողմին արտադրանք չի մատակարարել՝ դրանով իսկ խախտելով 2021 թվ․ օգոստոսի 6-ին կնքված պայմանագրի 6.2 կետը։

«Ջադարայի» կայքը հայտնում է, որ ընկերությունը մշակում և արտադրում է փոքր և միջին հեռահարության հակատանկային համակարգեր, ինչպես նաև օպտիկաէլեկտրոնային համակարգեր, գիշերային տեսանելիության սարքեր և ջերմատեսիլ նշանոցներ։ Ինչպես նշում է «Սպուտնիկ Արմենիան», մամուլում չի նշվում, թե կոնկրետ ինչ է պատվիրել ՊՆ-ն, սակայն հայտնի է, որ ընկերությունն արտադրում է Nashab հակատանկային նռնականետեր, որն ստեղծված է ռուսական РПГ-32[2]-ի հիման վրա։ Jadara-ի մեկ այլ արտադրանք Terminator FM հակատանկային հրթիռային համակարգն է, որը հիմնված է ուկրաինական Կորսարի վրա։

2022 թ․ սեպտեմբերին հայտնի է դարձել, որ հորդանանյան կողմը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ։ Բացառված չէ, որ այս հանգամանքը Հայաստանի հետ գործարքի խզման պատճառ կարող էր հանդիսանալ։ Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում սա ամենևին միակ դեպքը չէ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չեն կարողանում զենք գնել երկրի անվտանգությունն ապահովելու համար։

Ուրիշ ի՞նչ նմանատիպ դեպքեր են եղել

2022 թ․ սեպտեմբերին՝ ՀՀ բնակչության և տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն ունի ֆինանսներ, բայց կան մատակարար երկրներ, որոնք զենք ունեն, բայց պատրաստ չեն դրանք մատակարարել։

Սեպտեմբերի 29-ին, ելույթ ունենալով ՀՀ դե-ֆակտո կառավարության նիստում, դե-ֆակտո վարչապետը մեղադրել էր Հայաստանի դաշնակիցներին զենքի մատակարարման պայմանագրերը չկատարելու մեջ։ «Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի: Մենք ունենք դեպքեր, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- ասէլ էր նա։

Բացի այդ՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին, Հնդկաստանի անգլալեզու The Economic Times հրատարակությունը հոդված[3] էր հրապարակել, ըստ որի՝ Դելին Հայաստանին կմատակարարի հնդկական արտադրության զենքի մեծ խմբաքանակ։ Պարբերականը պնդում է, որ մատակարարվող զինատեսակների թվում կլինեն հակատանկային հրթիռներ, ինչպես նաև Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ։ Ըստ թերթի՝ սեպտեմբերին Երևանի և Դելիի միջև զենքի գնման պայմանագիր է ստորագրվել, և գործարքի ֆինանսական արժեքը կազմում է մոտ 260 մլն դոլլար։

Ի՞նչն է այս տեղեկության «արտահոսքի» խնդիրը

Այս տեղեկության «արտահոսքի» խնդիրն այն է, որ Ադրբեջանը տեղեկատվություն է ստանում հայկական կողմի ծրագրերի մասին և արդեն կարող է պլանավորել ռազմական գործողությունների մեկնարկը՝ ըստ դրա։ Չի կարելի բացառել, որ արտահոսքը կազմակերպվել է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից՝ զենքի գնման ոլորտում գոնե որոշակի ակտիվության տպավորություն ստեղծելու համար։

Ի՞նչպիսին էր իրավիճակը «հեղափոխությունից» առաջ

«Չգիտես ինչու», մինչև 2018 թ․ հեղափոխական իշխանափոխությունը Հայաստանի իշխանություններին հաջողվել է զենք գնել տարբեր երկրներից՝ սկսած ՆԱՏՕ անդամ Սլովակիայից, պայմանականորեն չեզոք Մոլդովայից և Սերբիայից, մինչև դաշնակից Ռուսաստան և նույնիսկ Չինաստան: Ավելին՝ միայն 2008-2018 թթ․ Հայաստանը ձեռք է բերել առնվազն 870 մլն դոլարի զենք։ Այդ տարիներին զենքերի գնման մասին մանրամասն կարող եք կարդալ «Հայկական ալիքի» նյութում[4]։

Այսինքն՝ կարելի է հստակ ասել, որ նախկինում Հայաստանը դրսից զենք ձեռք բերելու խնդիր չի ունեցել։ Նոր իշխանությունների օրոք դրանք առաջացան։ Իսկ պատճառը պետք է փնտրել հենց «հեղափոխական իշխանությունների» քաղաքականության մեջ։ Ի՞նչն են նրանք անում ոչ այնպես, որ ի վերջո Հայաստանը մնում է անզեն ու անպաշտպան։

Զենքի գնումը ամենևին միայն պայմանագրերի կնքման և ֆինանսների առկայության հարց չէ։ Սա և՛ քաղաքականություն է, և՛ դիվանագիտություն է՝ նպատակային աշխատանք գործընկերների հետ՝ նպատակին հասնելու համար։ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ակնհայտորեն ձախողում են այս աշխատանքը։ Իսկ հնդկական գործարքի շուրջ «PR-ը» կարող է ի վերջո ազդել նաև անվտանգության ապահովման վրա. Ադրբեջանը կա՛մ կկարողանա միջամտել գործարքին, ինչպես դա ենթադրաբար եղավ Հորդանանի հետ, կա՛մ, իմանալով առաքման ժամկետը, կհարվածի այդ հաշվարկով։

Կարեն Իգիթյան, կովկասագետ

Աղբյուրը՝ Հայկական Ալիք

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ