ՀՀ ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռիո դե Ժանեյրոյում
Հունիսի 21-ին “Ռիո+20” գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարար Ռայմոնդ Տշիբանդայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Կինշասայում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շրի Լանկայի արտգործնախարար Գամինի Լակշման Պեյրիսի հետ էր: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման ուղիներին, տնտեսական համագործակցությանը, մշակութային կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Շրի Լանկայի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրում ընթացող ներազգային համերաշխության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ բարեփոխումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների անցկացման մասին: Նախարար Պեյրիսն իր հայաստանյան գործընկերոջը հրավիրեց այցելել Շրի Լանկա:
Գագաթաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը, որը նվիրված էր կազմակերպության օրակարգային հարցերին: