Ինչու են բացակայում “Ժառանգության” պատգամավորները
Հինգերորդ գումարման ԱԺ աշխատանքներին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավորները մասնակցում են ոչ ամբողջական կազմով: “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչներից բաղկացած հինգ հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում են միայն երեք պատգամավոր` խմբակցության ղեկավար, “Ժառանգության” վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, “Ազատ դեմոկրատների” վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը:
“Ժառանգության” նախագախ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը չեն ներկայացել խորհրդարան: Henaran.am-ն այսօր զրուցել է Խաչատուր Քոքոբելյանի հետ եւ փորձել է պարզել, թե ինչով է պայմանավորված խմբակցության երկու անդամի բացակայությունը:
“ Գիտեք, մենք հինգ հոգով ենք աշխատում: Զարուհի Փոստանջյանը գործուղման մեջ է, Ստրասբուրգում է գտնվում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական հայտարարություն է արել` իր ԱԺ-ում գտնվելու հետ կապված, եւ մինչեւ սեպտեմբեր պետք է որոշում կայացվի”,-նշել է Խաչատուր Քոքոբելյանը:
Նա հավելել է, որ պատգամավորների բացակայությունը չի խոչընդոտում խմբակցության աշխատանքին:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր մանդատից հրաժարվելու իր ցանկության մասին եւ այդ հարցի քննարկումը թողել “Ժառանգության” վարչությանը: Վարչությունը հայտարարել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ: