ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ:
ԳՇ պետի փոխանցմամբ, ներկայումս Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։
Սա, ի դեպ, այն դեպքում, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հանձնեց Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները, Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից հեռու էր 12 կմ-ով:
Վերջինիս տեղեկացմամբ, Ադրբեջանը Ներքին Հանդի ու Վերին Շորժայի ուղղությամբ շարժվել է 1,5կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Մի կողմից խնդիր ունենք տարածքային ու մարդկային մեծ կորուստների հետ, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ կան ուղղություններ, որտեղ ռազմական, ռազմավարական տեսանկյունից 100 մետր հատվածում մխրճումը կարող է տասնապատիկ ավելի մեծ հարվածներ հասցնել երկրի անվտանգությանը, քան մեկ այլ՝ կամայական հատվածում՝ 1 կմ-ի առաջխաղացումը:
Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո արդեն 3-րդ ագրեսիան է իրականացնում՝ 2021 թվականի մայիսից ու նոյեմբերից հետո, դեռ չեմ խոսում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ներխուժումը:
Այս ընթացքում Ադրբեջանի փորձել է առավելագույնս դուրս գալ իր համար բարենպաստ շրջաններ, դիրքավորվել մարտավական և ռազմավարական բարձունքներում, որը մի կողմից նրան թույլ կտա վերահսկողություն ապահովել ՀՀ ռազմավարական օբյեկտների, կոմունիկացիաների, հանգույցների նկատմամբ, մյուս կողմից՝ առավել մասշտաբային գործողությունների դեպքում, զգալի մեկնարկային առավելություններ ստանալ»: