24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արթուր Վանեցյանի քայլերը եւ գործողությունները չեմ ցանկանում մեկնաբանել. Տիգրան Աբրահամյան

Ընդդիմությունը, ինչպես հայտնի է, որոշել է բոյոկտել ԱԺ աշնանային նստաշրջանն ու դրա փոխարեն սեփական օրակարգով այլընտրանքային նիստեր անցկացնել խորհրդարանից դուրս։ Գաղափարի հեղինակն ու նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ծնվել այդ ֆորմատի գաղափարը։
«Մեր գործընկերներն առաջարկել են հիմնական քննարկումների, կոնսուլտացիաների տրամաբանության ներքո իրականացնել հանրային քննարկումներ, որի նպատակն է ե՛ւ մասնագիտական, ե՛ւ քաղաքական հարթության մեջ անդրադառնալ երկրի իրական օրակարգին՝ տնտեսականից մինչեւ անվտանգային, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում հենց այդ ծրագրով էլ առաջնորդվելու ենք»,-ասաց նա։
– Այսինքն՝ երկուշաբթի օրը խորհրդարան չեք գնալու։

– Այո։
– Ընդհանրապե՞ս չեք գնալու, թե՞ միայն երկուշաբթի օրը։

– Այսպես ձեւակերպեմ, որ ճիշտ լինի՝ համենայնդեպս, այն որոշումը, որ մենք ունեցել ենք մայիսին, երբ փողոցային պայքարը բավականին ակտիվ ֆազայում էր, փոփոխության չի ենթարկվել, եւ եթե փոփոխության ենթարկելու որեւէ հնարավորություն կամ անհրաժեշտություն լինի, դրա մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

– Այսինքն՝ նախաձեռնությունը «Հայաստան» դաշինքինն է, ոչ թե ձերը։

– Այո։

– Բայց սոցցանցերում հանրապետականները սկսել են հաճախակի քոչարյանականներին խայթել, ակնարկներ անել։ Ֆեյսբուքից դուրս, փաստորեն, համագործակցո՞ւմ եք։

– Այն հիմնական թեմաների շուրջ որ խոսում ենք, ունենք մեր դիրքորոշումները եւ որպես ընդդիմադիր ուժ էլ փորձում ենք ամենատարբեր հարցերով մեր ընդհանուր նպատակի շրջանակներում, այսինքն՝ իշխանության հեռացման օրակարգի շուրջ փորձում ենք մեր պայքարը ներդաշնակեցնել։ Այսինքն, ե՛ւ մոտեցումների, ե՛ւ մարտավարական առումներով եթե կան հարցեր, որի հետ կապված անհրաժեշտություն կա հավելյալ քննարկումներ անել, կամ կան հարցեր, որոնց հետ կապված ունենում ենք այլ կարծիք, մենք ունենք ֆորմատներ եւ այդ շրջանակներում քննարկումներ անում ենք։ Ես՝ ինքս, կարծում եմ, որ մենք չպետք է շեղվենք մեր գլխավոր ուղուց եւ մեր բոլոր ուժերը, ռեսուրսները պետք է կենտրոնացնենք գլխավոր օրակարգի՝ այս իշխանության փոփոխության սպասարկման վրա։

– Այդ դեպքում Ձեր որոշ թիմակիցներ ինչո՞ւ են շեղվել գլխավոր ուղուց եւ գրառումներում միմյանց են մեղադրում՝ Նիկոլին իշխանության բերելու մեջ, փոխանակ կենտրոնանան Նիկոլին հեռացնելու վրա։

– Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, թե կոնկրետ ինչ գրառումների մասին է խոսքը, բայց հավելյալ մեկնաբանություններ չունեմ։

– Չե՞ք նկատել, որ հանրապետականների եւ քոչարյանականների միջեւ ակտիվ փոխհրաձգություն է տեղի ունենում։

– Ես արդեն ասացի, որ եթե դիրքորոշումների հետ կապված լինում են տարբերություններ կամ փոփոխություններ, մենք «Հայաստան» խմբակցության հետ ունենք տարբեր ձեւաչափեր եւ այդ ձեւաչափերով այդ հարցերը քննարկում ենք։ Դրա համար անհրաժեշտ չեմ համարում սոցցանցերում տեղ գտնող այս կամ այն քննարկումները հավելյալ մեկնաբանել։

– Բայց դրանք նաեւ Ձեր թիմակիցներն են անում, Դուք, օրինակ, չե՞ք փորձում զսպել Ձեր թիմակիցներին, որ պետք չէ, մենք նրանց հետ դրսում համագործակցում ենք։

– Ես հիմա իմ հայտարարությունը նաեւ Ձեզ հետ զրույցում եմ անում, որ մեր գլխավոր օրակարգը մեկն է, եւ ողջ ներուժը պետք է կենտրոնացնել այդ ուղղությամբ։ Ըստ էության՝ դա նաեւ ուղերձ է բոլոր հնարավոր կողմերին, ովքեր անկեղծ պայքարում են այս իշխանության դեմ, որպեսզի իրենց ջանքերը կենտրոնացվեն գլխավոր նպատակի վրա։

– Դուք ասում եք՝ պետք չէ շեղվել օրակարգից, բայց, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում ո՞վ է մեղավոր։

– Տեղի է ունեցել երկրում գործընթաց՝ ցավալի, ողբերգական գործընթաց, տարբեր ուժեր համախմբվել են եւ հնարավորություն են ստացել իշխանությունը վերցնելու կամ ստեղծելու մի իրավիճակ, որի հետեւանքով տեղի է ունեցել իշխանության կամ դրա դերակատարների փոփոխություն։

– Բայց 4 տարի է՝ մեղավորներ են փնտրում, մի մասն ասում է՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են մեղավոր, մի մյուս մասն ասում է՝ քոչարյանականները, որ մասնակցում էին 2018-ի միտինգներին․․․

– Անկեղծ ասած՝ այդ քննարկումների մեջ որեւէ ձեւով մտնելու ցանկություն չունեմ։

– Ի դեպ, գարնանը սկսված, ամառվա ամիսներին ծավալված ձեր շարժումը, եթե չասենք՝ տապալվեց, ապա գոնե հաջողությամբ չպսակվեց։ Այս հարցում ո՞վ է մեղավոր, ո՞վ ինչ-որ բան այնպես չարեց, որ չկարողացաք հասնել հաջողության Փաշինյանին հեռացնելու հարցում։

– Այն, որ պայքարի այս փուլում մենք չունեցանք հաջողություն, դա ակնհայտ է։ Բայց գլխավոր խնդիրն այս պահին պետք է դառնա այն, որ ընդդիմությունը եւ բոլոր այն ուժերը, որոնք իրական պայքար են տանում այս իշխանության հեռացման ուղղությամբ, գտնեն նոր մարտավարական լուծումներ՝ ընդհանուր նպատակին հասնելու համար։

– Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում նույն Արթուր Վանեցյանի կամ Արթուր Ղազինյանի՝ ԱԺ-ից ու Դիմադրության շարժումից հեռանալուն։

Արթուր Վանեցյանի քայլերը եւ գործողությունները չեմ ցանկանում մեկնաբանել։

– Սոլիդարությունից ելնելո՞վ՝ որ ձեր ֆրակցիայի ղեկավարն է եղել։

– Այո։

– Այսինքն՝ չե՞ք կարող ասել, թե նրա քայլը Ձեզ համար ողջունելի է կամ դատապարտելի, եւ Դուք, ասենք, չէիք ցանկանա, որ այդպես լիներ։

– Բերեք չմեկնաբանեմ։

– Իսկ Ղազինյանի՞նը։ Նա ձեր ֆրակցիայից չի եղել։

– Կարծում եմ՝ անդրադառնալու որեւէ նպատակահարմարություն այս պահին չկա։

Վահե Մակարյան 

hraparak.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ