Ինչպե՞ս կարելի է աշխարհաքաղաքական դղրդյունի պայմաններում խոսել խաղաղության մասին․ Արմեն Աշոտյան
Աշխարհաքաղաքական բախումների ու դղրդյունների ժամանակ չի կարելի խնդիրներ լուծել, քանի որ բոլորի շահերը տարբեր են, եւ դու դառնում ես աշխարհաքաղաքական «գիշերային թիթեռնիկ», սակարկության առարկա։ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ անում է։ Ամբողջ աշխարհում ցնցումներ են դիտարկվում։ Ինչպե՞ս ես դու ուզում այսպիսի ցնցումների պայմաններում խաղաղության տնակ կառուցել: Ինչպե՞ս է հնարավոր խաղաղությունը առանձին վերցրած տարածաշրջանում, եթե աշխարհի այլ տարածաշրջաններում աշխարհաքաղաքական արյունալի պատերազմներ են մղվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նկատեց, որ աշխարհի ոչ մի տարածաշրջանում չեն խոսում խաղաղության մասին, իրավիճակը սրվել է նույնիսկ Բոսնիայում, Սերբիայում, Ուզբեկստանում եւ այլ վայրերում։
«Ի՞նչ անբարոյական պետք է լինի մարդը, որ երկրաշարժի ու դղրդյունի պայմաններում չփախչի աղետի վայրից, այլ այդ վայրում տուն կառուցի»,- հավելեց քաղաքական գործիչը։
Նա հիշեցրեց, որ հանդիպման մասին հայտարարությունը սկզբում վերաբերում էր Մոսկվային, հետո այն փոխվեց Բրյուսելի։ Իսկ երեկ Զախարովան ասել է, որ այս ուղղությամբ ԵՄ-ի միջնորդական դերը պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։
Աշոտյանը նշեց, որ նման հանդիպումների փաստը դառնում է աշխարհաքաղաքական բախման օրակարգի մաս, որը չի կարող բխել Հայաստանի շահերից, քանի որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական բախումներն ի վնաս Հայաստանի են։
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ երբ Հանրապետական կուսակցությունն էր իշխանության ղեկին, հաջողվում էր Հայաստանն ու Արցախի խնդիրը բախումներից հեռու պահել։ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները այն ժամանակ էլ լարված էին, թեեւ ոչ այնքան, որքան այժմ։
«Բայց կարելի է հիշել ռուս-վրացական պատերազմը, Ղրիմի իրադարձություններից հետո լարվածությունը եւ այլն»,- եզրափակեց նա։
news.am