Լավագույն ուսուցիչները հայտնի կդառնան հուլիսի 1-ին
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել ՛՛Լավագույն ուսուցիչ՛՛ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Մրցույթն անցկացվել է 5 առարկայական խմբերի՝ ՛՛Հայոց եկեղեցու պատմություն՛՛, ՛՛Հայոց լեզու եւ գրականություն՛՛, ՛՛Հայոց պատմություն՛՛, բնագիտական՝ ՛՛Ֆիզիկա՛՛, ՛՛Քիմիա՛՛, ՛՛Կենսաբանություն՛՛ առարկաների ուսուցիչների եւ դասվարների միջեւ: Դասվարները մրցույթում ներառվել են անցյալ տարվանից: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչեւ հուլիսի 1-ը, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերին: Սահմանված կարգի համաձայն՝ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, մրցանակային առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար նախատեսված են նաեւ դրամական պարգեւներ:
Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է 39 ուսուցիչ: Եզրափակիչ փուլը բաղկացած է երկու` բանավոր եւ գրավոր մասերից, որոնք անցկացվում են միեւնույն օրը: Բանավոր փուլի ընթացքում կազմակերպվում են քննարկումներ եւ բանավեճեր, իսկ թեստային փուլը ներառում է առարկայի դասավանդման մեթոդների վերաբերյալ հարցաշար:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ արդեն 9-րդ տարին անընդմեջ: Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը, կարեւորելով ձեւավորված համագործակցությունը, ընդգծել է, որ մրցույթի նպատակն է հանրային եւ հոգեւոր կյանքում մանկավարժի դերի եւ հեղինակության բարձրացումը: Նա նաեւ նշել է, որ նախատեսվում է մրցույթի շրջանակն ընդլայնել՝ առաջիկա տարիներին կընդգրկվի նաեւ ՛՛լավագույն դաստիարակ՛՛ անվանակարգը, որպեսզի նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժները եւս հնարավորություն ունենան մասնակցել մրցույթին: