Լրագրողները պիտի պատրաստ լինեն
“Յուրաքանչյուր լրագրող գոնե տարին առնվազն մեկ անգամ պետք է գրիչը, տեսախցիկը փոխարինի ինքնաձիգով, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել հայոց պետականության սահմանները”,-նման կոչով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դիմեց “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում “Հայոց արծիվները” պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում անց կացրեց կրակային պատրաստվածություն: Ամեն մի լրագրող ինքնաձիգով 15 փամփուշտ կրակելու հնարավորությունն ուներ: Եթե մոտ երկու տասնյակին հասնող լրագրողները կրակում էին մի ուղղությամբ, ապա թվով 300 Արծիվները 9 ուղղությունն էին “գրավել”:
Փորձառու հրաձիգների դիտարկմամբ, լրագրողները վատ չէին կրակում, բայց դե արի ու տես` Հայոց արծիվներին չեն հասնի: Սա, Գլխավոր Արծիվը բնական է համարում, քանի որ կազմակերպության անդամները հաճախ են զորավարժարան գալիս:
“Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վտանգին դիմակայել կարող ենք մեր միասնական տանիքով, այն է՝ հայոց պետականությունը, հայոց նախագահն ու բանակը”,-ասաց Ասրյանը`փաստելով, որ ինքը չխոսել չի կարող:
Ըստ Ասրյանի, Արծիվները միշտ պատրաստ են հայոց բանակի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրահանգով ցանկացած տեղում եւ իրավիճակում պաշտպանել մեր հանրապետության անդորրը”: