Քաղաքական գործիչը եկել է, ՀՀԿ-ից իշխանություն է ուզում. ՀՀԿ- “Ժառանգություն” բանավեճից
“ԱԺ առաջին նիստերին հետևելիս դեժավյուի տպավորություն էր ստեղծվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է չորրորդ գումարման ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ, կառավարության գործունեության ծրագիրը նախորդից քիչ է տարբերվում: “Բերվել էր այնպիսի ծրագիր, որը միշտ բերվում էր, այն ավելի շատ հռչակագրի է նման”,-համոզմունք հայտնեց բանախոսը եւ հավելեց, որ ձևավորված խորհրդարանը նույնպես քիչ է տարբերվում նախորդ խորհրդարաններից: Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Հայստանում այդպես էլ չձեւավորվեցին այն չափանիշները, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, նշեց, որ ԱԺ-ում կառավարության ծրագիրը պետք է քննարկվեր որպես ծրագիր, բայց գերակշռեցին քաղաքական բնույթի քննադատությունները: “Մենք պետք է սովորենք քննադատել նպատակին հասնելու համար”,-նկատեց նա: Հակոբ Հակոբյանի խոսքով, ՀՀ կառավարությունն այս ծրագրով պարտավորված է մասնակցելու տնտեսության զարգացմանը, ինչը կարեւոր նվաճում է:
“Կառավարությունը լուծելու է աղքատության խնդիրը: Աղքատ քաղաքացիները կապահովվեն անվճար բարձրագույն կրթությամբ, կստեղծվի հարյուր հազար աշխատատեղ”,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով, մինչեւ 99 թվականը Հայաստանը չի ունեցել աղքատութւան դեմ պայքարի ծրագիր, 99 հետո մենք ունեցել ենք աղքատության մեղմացման ծրագիր, իսկ հիմա` վերացման:
Պատասխանելով Հակոբ Հակոբյանին, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ եթե կառավարությունը՝ չմասնակցելով տնտեսության զարգացմանը, այս վիճակն է ստեղծել, պատկերացնում է, թե մասնակցելով ինչ վիճակ է ստեղծելու: “Ժառանգության” պատգամավորի խոսքով, Հայաստանը ոչ թե աղքատացել, այլ աղքատացվել է, որովհետեւ աղքատ մարդուց քվեն ստանալն ավելի հեշտ է:
“Տվեք իշանությունը մեզ, եւ մենք կվերացնենք աղքատությունը”,- ասաց Ստյոպա Սաֆարյանը` հավելելով, որ նախընտրական շրջանում ծրագրային եւ գաղափարական պայքարն ընդհանրապես բացակայում էր: Նրա խոսքով, այլընտրանքային ծրագիրը պետք է ներկայացնի ընդդիմությունը, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց այլընտրանք են համարում, այլընտրանքային ծրագիր չեն ներկայացրել:
“Տեսեք, քաղաքական գործիչը եկել է, ՀՀԿ-ից իշխանություն է ուզում: Մենք գնացել, ժողովրդից իշխանությունը վերցրել ենք”,-ընդդիմախոսին պատասխանեց Հակոբ Հակոբյանը, ինչին հետեւեց Ստյոպա Սաֆարյանի պատասխանը.”Այո ճիշտ ասացիք, վերցրել եք”: “Մեզ իշխանությունը տվել են”,-չուշացավ ՀՀԿ-ականի պատասխանը:
Հակոբ Հակոբյանն ասաց, թե ընդդիմության խնդիրն է կառավարության ծրագիրը հասցնել հասարակությանը, ինչին հետեւեց Ստյոպա Սաֆարյանի պատասխանը.”Մենք մեր ծրագրերը հասանելի կդարձնենք”: Հակոբ Հակոբյանն էլ ռեպլիկ արեց.”Դուք արդեն մոռացեք ձերը”: