Կշահագրգռենք ֆրանսիացի գործարարներին մեր բարեկամ քաղաքում ներդրումներ կատարել. Մարսելի քաղաքային համայնքի նախագահ
Երեւանի եւ Մարսելի միջեւ ստորագրված բարեկամության եւ համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելիի հետ: Այդ մասին Henaran.am -ին հաղորդում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով քաղաքային համայնքի նախագահին ընդունելության համար, Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Մարսելի հետ 20-ամյա համագործակցությունն ու ձեւավորված բարեկամական ջերմ հարաբերությունները:
Երեւանի մասին հակիրճ տեղեկություններ ներկայացնելով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ Հայաստանի մայրաքաղաքն այսօր լուրջ բարեփոխումներ է իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ ` նպատակ ունենալով ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել գործարար միջավայրը։
Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ծրագրերի իրագործման հնարավորությունների առումով Երեւանի բիզնես դաշտը բավականին գրավիչ է, հավելելով, որ քաղաքապետարանը մշակել է խոշոր ներդրումային առաջարկ-ծրագրեր եւ պատրաստ է համագործակցել մասնավոր հատված-պետություն գործընկերային սկզբունքով։ ՛՛Քաղաքային իշխանությունները, իրենց իրավասության շրջանակում , պատրաստ են աջակցել բոլոր ներդրողներին ինչպես ներդրումային ծրագրերի նախապատրաստման , այնպես էլ հետագա աշխատանքներում։ Հաշվի առնելով մեր քաղաքների ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, մենք ուրախ կլինենք, Մարսելի քաղաքային համայնքի աջակցությամբ հնարավոր դարձնել ֆրանսիական ընկերությունների առավել ակտիվ ներգրավվածությունը մեր ներդրումային ծրագրերում:>> – նշել է Տարոն Մարգարյանը եւ Օժեն Կազելիին է փոխանցել Երեւանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկների փաթեթը:
Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելին իր հերթին շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերը ընդունելու համար եւ ընդգծել է, որ բարեկամական կապերը իսկապես պետք է լինեն շատ ամուր, այդ թվում նաեւ բիզնեսի ծավալման ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ընդլայնման համատեքստում: ՛՛Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի շահագրգռենք ֆրանսիացի գործարարներին մեր բարեկամ քաղաքում ներդրումներ կատարել: Համոզված եղեք, որ մենք եւս շատ բարձր ենք գնահատում Երեւանի հետ համագործակցությունն ու բարեկամությունը եւ մենք նույնպես պատրաստակամ ենք ընդլայնել մեր համագործակցությունը:՛՛ – նշել է Օժեն Կազելին:
Ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն իսկ հանդիպել է հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, եւ նրանց եւս ներկայացրել է ներդրումային առաջարկների փաթեթը: Երեւանի քաղաքապետը հույս է հայտնել, որ նպատակային քայլերի արդյունքում երկուստեք համագործակցության ընդլայնման ծրագրերն առավել առարկայական կդառնան` ի շահ երկու բարեկամ քաղաքների: