Կասյան փողոցի գյուղմթերքի շուկան կվերաբացվի՞
Հունիսի 25-ից ժամանակավորապես սահմանափակվել է Լենինգրադյան փողոցի երթեւեկությունը Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 25-ից ժամանակավորապես սահմանափակվել է Լենինգրադյան փողոցի երթեւեկությունը ՝ Հալաբյան փողոցից մինչեւ Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածի 4 երթեւեկելի գոտիներով։ Տրանսպորտային հոսքերի երթեւեկությունը կազմակերպվելու է այլընտրանքային ճանապարհներով` Կիեւյան կամրջից դեպի Լենինգրադյան փողոցի, այնուհետեւ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, իսկ հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող հոսքը ուղղվելու է շրջանցիկ՝ Լենինգրադյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Կիեւյան կամուրջ ուղեգծով:
Ինչպես Henaran.am -ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո քանդման թույլտվությունների տրամադրումը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակում է ամենօրյա հսկողություն իրականացվել: Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը` Կամո Արեյանը նշել է, որ հնարավորին սեղմ ժամկետում պետք է կարգաբերել եւ անհրաժեշտության դեպքում նորերով փոխարինել մայրաքաղաքի տարածքում տեղադրված ավտոճանապարհային նշանները: Հսկողություն է սահմանվելու նաեւ վերգետնյա եւ ստորգետնյա հետիոտն անցումների սանիտարական մաքրման եւ արտաքին պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ: Տրասպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաեւ, որ աշխատանքներ են տարվում կանգառագոտիների վերականգնման ուղղությամբ: Զուգահեռաբար շարունակվում է նաեւ փողոցների գծանշումը: Երեւանցիների ու քաղաքի հյուրերի համար կթարմացվեն նաեւ քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված մշակութային օջախների ցուցատախտակները: Քաղաքապետի հանձնարարությամբ կգույքագրվեն մայրաքաղաքի չգործող, սակայն վերագործարկման ենթակա ցայտաղբյուրները` վերանորոգելու եւ հետագա շահագործումն ապահովելու նպատակով: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման հիմնական աշխատանքներն ավարտված են: Ընթացքի մեջ է ծառերի ու թփերի սեզոնային բուժումն ու կրապատումը: Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաեւ բազմաբնակարան բնակելի շնքերի մուտքերում եւ բակերում իրականացվող ապօրինի առեւտրի դեպքերը բացառելու նպատակով կատարվող ստուգայցերը: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է նաեւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հունիս 30-ին Կասյան փողոցի շաբաթ-կիրակի օրերին գործող գյուղմթերքի շուկայի վերաբացման նպատակով: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատման, ինչպես նաեւ մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Նշվել է, որ զուգահեռ կշարունակվեն խաղահրապարակների հարակից ավտոտնակների ու այլ շինությունների պատերի նկարազարդումները: