ԱՄՆ կոնգրեսում հայկական բանաձեւի ընդունումը կկործանի թուրք-ամերիկյան հարաբերությունները
Միացյալ Նահանգների ռազմավարական և միջազգային հետազոտությունների “CSIS” վերլուծական կենտրոնի Թուրքիայի ծրագրի ղեկավար Բյուլենթ Ալիռըզան “ՀաբերԹուրք” լրատվականի հետ զրուցել է ԱՄՆ կոնգրեսում հայկական բանաձևի ընդունման և դրա հնարավոր հետևանքների մասին, գրում է Ermenihaber.am-ը:
Ալիռըզան շեշտել է, որ ամերիկահայ լոբբին ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իր ողջ ուժով աշխատելու է հայկական մի բանաձև օրենսդիր մարմնում անցկացնելու համար: Նրա բնորոշմամբ` վերջին ընտրություններից հետո բավականին թուլացել է այն ուժը, որ կկարողանար կանխել հակաթուրքական զարգացումները:
“Լոբբիստական ուժերը կարող է դաշինք կազմեն և կյանքի կոչեն հայկական բանաձևը: Թուրք-ամերիկյան հարաբերությունների համար դա երկրաշարժի նման մի բան կլինի”,- ասել է Ալիռըզան: Ըստ նրա` նման զարգացումներից հետո շատ հավանական է, որ կրկին կոնգրեսի օրակարգ գա Թուրքիայի նկատմամբ ռազմական էմբարգո կիրառելու որոշումը:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերի Կիպրոս ներխուժումից հետո 1975-ի փետրվարի 5-ին ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ ռազմական էմբարգո կիրառելու որոշում էր կայացրել: Բայց 1978-ի սեպտեմբերի 26-ին, երբ նախագահ էր Ջիմի Քարթերը, հանվել է էմբարգոն: