22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը և դատավորը «չեն հասկանում» Փաշինյանի դեմ ներկայացված հայցի հիմքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։
 
ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել է․ «2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի աոաջ: Ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է․․․»:
 
Սակայն դատավորին և Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանին պարզ չէր, այդ խոսքերը Փաշինյանն ասել է որպես վարչապե՞տ, թե՞ պարզապես ֆիզիկական անձ։ Պաշտպան Ալումյանը կրկին պնդեց, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խախտել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ Հանրահաքին եկածները շատ լավ գիտեին, որ այդ անձը երկրի վարչապետն է, ոչ թե շարքային ֆիզիկական անձ։ Բացի այդ, Փաշինյանի ելույթի տեսագրությունը տեղադրվել է ՀՀ վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական հարթակներում։ 
 
Փաշինյանի ներկայացուցիչը չէր հասկանում, թե պաշտոնական հարթակներում, օրինակ, յութուբյան ալիքում կոնկրետ ի՞նչ է տեղադրված՝ ելույթի ամբողջակա՞ն տեքստը, հատվածները թե՞տեսագրությունը։ Բացի այդ, Հունանյանի համար հասկանալի չէր՝ Փաշինյանի ամբո՞ղջ ելույթն է զրպարտչական, թե՝ որոշ հատվածներ։ Ի վերջո, նա միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա իր վստահորդի ամբողջ ելույթն ուսումնասիրել և դիրքորոշում հայտնել։ Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց, նշելով, որ հայցադիմումի մեջ առանց այդ էլ ամեն ինչ պարզ գրված է։
 
Գործով նախագահող դատավորը բավարարեց միջնորդությունը, նշելով, որ Հունանյանին պետք է հնարավորություն տալ առարկություններ ներկայացնել դատարան, այն պատճառաբանությամբ, որ հայցի հիմքն ու առարկան պարզելու ընթացքում իր և դատարանի համար պարզ դարձավ, որ հայցվոր կողմը զրպարտություն է դիտարկում հայցում ներկայացված Փաշինյանշի ամբողջ ելույթը։ 
 
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 11։00-ին։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ