Դուք ՀՀ իշխանության որևէ ներկայացուցչից լսե՞լ եք, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ մեր օրակարգում. Նաիրա Զոհրաբյան
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ոչինչ պետք չէ սպասել այս հանդիպումից:
«Ինձ զարմացնում է, որ այս հարաբերությունների դիսկուրսն այնքան է իջեցված շրիշակից, որ քննարկում են ոչ թե բովանդակությունը, այլ քննարկում են Ռուբեն Ռուբինյանի արտաքինը, դիվանագիտական փորձառությունը: Հարգելիս, եթե Ռուբինյանի փոխարեն լինի Վարդուշը կամ Հայկուշը, արդեն քաղաքական ձեռք բերված պայմանավորվածությունները նա ստորագրելու է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ապա դիմելով ադեկվատ քաղաքական ուժերին՝ նախկին պատգամավորը նշեց, որ մեզ պետք է հետաքրքրի հարցի արժեքը:
«Ընդամենն օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Թուրքիան իր որևէ նախապայմանից չի հրաժարվել. դա ԼՂ հարցի լուծումն էր Ադրբեջանի օրակարգով, ինչին հասան, և Ցեղասպանության միջազգային օրակարգից հրաժարվելը: Դուք ՀՀ իշխանության որևէ ներկայացուցչից լսե՞լ եք, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ մեր օրակարգում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ եք սպասում մոսկովյան քննարկումից: Մոսկվայում երկու օրակարգ է քննարկվելու, որքանով տեղյակ եմ. քննարկվելու է Թուրքիայի հետ հնարավոր դիվանագիտական հարաբերություններ վերսկսելու հարցը, և քննարկվելու է սահմանի հարցը»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը: