Տարոն Մարգարյանը ոչ մի առնչություն չունի
Սույն թվականի դեկտեմբերի 9-ին “ՍՊՍ Սիգարոն” ՍՊԸ-ին պատկանող` Երևանի Մաշտոցի 18/50 հասցեում գտնվող ֆիրմային խանութ են ժամանել մի խումբ անձինք, որոնցից մեկը ներկայացել է քաղաքապետարանի, իսկ մյուսը` Երևանի կենտրոն վարչական շրջանի աշխատակից եւ առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու` ապօրինաբար ապամոնտաժել են ընկերության անվանմամբ հայերեն և անգլերեն գրառումներով ցուցանակները:
Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում պատմեց ”ՍՊՍ Սիգարոն” ՍՊԸ-ի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս վահանակը արտաքին գովազդ չէ, այլ տեղեկատվական վահանակ.
“Դրա իմաստն այն է, որ սպառողները տեղեկացված լինեն, թե ով է տվյալ արտադրանքի արտադրողը եւ այլն: Քաղաքապետի որոշմամբ՝ հաստատված է, որ տեղեկատվական վահանակն արտաքին գովազդ չէ”:
Ընկերության հանրային կապերի պատասխանատու Նվեր Սարգսյանի խոսքով՝ իրենք որեւէ արտոնություն կամ առավելություն չեն ուզում, պարզապես ցանկանում են իրենց իրավունքը պաշտպանել: Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ դեպքի ժամանակ զանգել են ոստիկանություն, սակայն մինչ ոստիկանությունը կժամաներ “իրենց գործն արեցին ու թողեցին, փախան”:
“Քանի որ մի շարք սխալ հրապարակումներ եղան, ասեմ, որ Երեւանի քաղաքապետն անձնապես ոչ մի առնչություն չունի այս խնդրի հետ: Ապօրինի ապամոնտաժումն իրականացրել է քաղաքապետարանի գովազդի եւ արտաքին ձեւավորման վարչությունը: Ու մի բան էլ` մեր ընկերության սեփականատերը Սիմոն Պողոսյանն է, ապատեղեկատվություն պետք չէ տարածել”,- նշեց փաստաբանը:
Բանախոսը նշեց նաեւ, որ իրենք դատարան են դիմել, եւ հենց այսօր տեղեկացել են, որ դատարանի որոշմամբ` կարող են տեղեկատվական վահանակը կրկին իր տեղում փակցնել: