Անելու ենք հնարավորինը, որ մեղմացնենք այդ բացասական երևույթները. Շարմազանովը՝ թանկացումներից /վիդեո/
՛՛Ցանկացած բացասական տենդենց, որը կարող է ազդել մեր յուրաքանչյուր քաղաքացու և առաջին հերթին սոցիալապես անապահով խավի վրա, յուրաքանչյուր առողջ ու բանական իշխանության պետք է մտահոգի՝ անկախ նրանից, թե այդ իշխանությունը որ երկրինն է՛՛: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե իշխանություններին մտահոգում է երկրում տեղի ունեցող թանկացումների ալիքը:
Ըստ նրա՝ մտահոգվելուց զատ պետք է ծրագիր ունենալ, ոչ թե Աստծո կողմից ուղարկված փրկիչ ձևանալ: Նա հիշեցրեց, որ այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնել է, որ կենսաթոշակներն ավելանալու են 14%-ով: ՛՛Կա ծրագիր, որը ներառված է նաև բյուջեում, որն էլ ունի սոցիալական ուղղվածություն, իսկ սա խոսում է այն մասին, որ այո, մեր երկրում կան սոցիալական խնդիրներ, և դրանից ելնելով էլ՝ մենք այդ բյուջեն ընդունել ենք: Իհարկե, մտահոգում է, և մենք փորձելու ենք մեր ուժերի սահմաններում հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի մեղմացնենք այդ բացասական երևույթները: Բայց մյուս կողմից էլ պետք է օբյեկտիվ լինենք ու հասկանանք, որ այդ բացասական երևույթների մեծամասնությունը հայաստանյան ներքին տնտեսական ու քաղաքական պրոցեսների հետ ոչ մի կապ չունեն: Դրանք միջազգային ու ռուսական տնտեսության իրավիճակների բացասական ազդեցությունն է մեզ վրա:
Հարցին, թե ինչ կարելի է այս դեպքում ակնկալել ԵՏՄ մտնելուց, նա պատասխանեց, որ այդ մասին արդեն խոսվել է: ԵՏՄ-ն իրենից ներկայացնում է շուրջ 170 միլիոնանոց շուկա, 189 դոլարով գազի սպառման սակագին է տալիս, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն: Ըստ նրա՝ ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրի քննարկումն էլ ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը դրական արտահայտվեց նախագահ Սարգսյանի որոշման օգտին:
Մանրամասները՝ տեսանյութում: