Կարդում են մեղքերի ցանկը, եւ քահանան արձակում է մեղքերից. Հայոց աշխարհ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ արդարադատության նախարարության միջեւ վերջերս պայմանագիր է կնքվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հոգեւոր ծառայության վերաբերյալ: “Հայոց աշխարհ”-ը զրուցել է հիշյալ ծառայության առաջնորդ տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված:
–Ճաղերի հետեւում գտնվողներից խոստովանության համար դիմողները շա՞տեն։
-Որոշակի թիվ չեմ կարող ասել, բայց շատ են: Պատարագին մասնակից, հաղորդություն ստացող բոլոր դատապարտյալները խոստովանություն անում են, ընդհանրական խոստովանության ժամանակ ծնկի են գալիս, ինչպես մեր եկեղեցիներում, կարդում են մեղքերի ցանկը, եւ քահանան սուրբ երրորդության անունով նրանց արձակում է մեղքերից, որ մաքրված հոգով գան:
Բայց կա նաեւ անհատական խոստովանություն: Անհատական խոստովանություններն ամբողջի մեջ փոքր տոկոս են կազմում: Ի դեպ, հոգեւորականն ապահովագրված է խոստովանության գաղտնիքը չբացելու առումով, ե՛ւ օրենքի մեջ, ե՛ւ այս պայմանագրի համապատասխան դրույթ կա, որ խոստովանահայրը վկա չի կարող լինել:
Դատապարտյալների եւ կալանավորների մի մասն իրեն համարում է Հայ Առաքելական եկեղեցուհետեւորդ, այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք ճաղերի հետեւում նրանց հայտնվելու փաստը:
-Առաքելական եկեղեցու անդամ համարում է իրեն մեր հասարակության մեծագույն մասը, բայց նրանցից ոչ քչերն ընդամենը եկեղեցի եկող, մոմ վառող են, այդ ժառանգության լիարժեք կրողը չեն, քրիստոնեական ժառանգությունը կրելու դեպքում հավանականությունը շատ փոքր է, որ մարդիկ կհայտնվեն անազատության պայմաններում: Հանուն ճշմարտության, պետք է ասենք, որ մենք հիվանդ հասարակություն ունենք, եւ քրեակատարողական հիմնարկներում այդ հիվանդության խտացված պատկերն է:
–Եղե՞լ են դեպքեր, երբ դատապարտյալները, կալանավորները փորձեն ձեր միջոցով ինչ–ինչ տեղեկություններփոխանցել հարազատներին:
-Ոչ, մենք նման բանով չենք զբաղվում, եւ իրենք գիտեն դա:
–Իսկ ֆինանսական կամ, հոգեւորից բացի, այլ օգնություն խնդրե՞լ են:
– Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ընտանիքներին: Օրինակ, երկու տարվա ընթացքում ամբողջ հանրապետության տարածքում դատապարտյալների մոտ 500 ընտանիք հոգեւորական է մտել, ե՛ւ սոցիալական օգնություն ենք տվել, ե՛ւ հոգեւորականը պարզապես գնացել է` տեսնի ինչպես են ապրում, քեֆ-հալ է հարցրել, տնօրհնեք է արել:
Արդյունքն այն է, որ դատապարտյալների մերձավորների մոտ ե՛ւ մխիթարություն է առաջանում, ե՛ւ կապ` իրենց այցելած հոգեւորականի հետ:
Վերջերս գնացել էի քրեակատարողական հիմնարկներից մեկը, ինձ 3 դատապարտյալ է մոտեցել, եւ երեքն էլ խոսել են իրենց ընտանիքի մասին, որ ունեն անչափահաս, վտանգավոր տարիքում գտնվող երեխաներ, որոնցից երկուսը մենակ են ապրում, մեկը պապիկի մոտ է ապրում: Խնդրում էին, որ ուշադրություն դարձնեինք:
Հաջորդ օրն իսկ երկուսի համար արդեն զանգահարեցի, նաեւ ասացի քահանային, որ այցելի, մյուսին էլ ուղարկեցի թեմի սոցիալ-կրթական կենտրոն, ուր խոհարարություն կարող է սովորել, վարսավիրություն սովորել: Նաեւ փոքր երեխա ուներ, որ անվճար գնաց նախակրթարան: Ուղղակի այսպիսի աշխատանքն անհատական է, համակարգված չէ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: