“Հայաստան” հիմնադրամի տնօրենը անտեղյակ է. Հայկական ժամանակ
ՌԴ հայերի միության մոսկովյան գրասենյակից “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել են, որ միության նախագահի 1-ին տեղակալ Գեորգի Տեր-Ղազարյանցը նշանակվել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն։ “Պարոն Տեր-Ղազարյանցը այժմ ծանրաբեռնված է, քանի որ նշանակվել է “Հայաստան”համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն”,– ասել է ՌՀՄ աշխատակիցը թերթի թղթակցին, երբ վերջինս փորձել է կապ հաստատել Տեր-Ղազարյանցի հետ։
Թերթի թղթակիցը երեկ զանգահարել է ՀՀՀ գրասենյակ՝ ճշտելու Տեր-Ղազարյանցի նշանակման եւ մինչեւ երեկ որպես ՀՀ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի պաշտոնանկության մանրամասները։ “ՀՀՀ գրասենյակից պնդել են, թե առաջին անգամ մեր թղթակցից են լսում Տեր-Ղազարյանցի նշանակման մասին։ Հիշեցնենք, որ հիմնադրամի աշխատակազմն առաջին անգամ մեր թղթակցից էր լսել նաեւ նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ամենամյա բարեգործական-ճաշկերույթի մասին։
Ակնհայտ է, որ “Հայաստան” համահայկական հիմնադրամում ինչ-որ բան այն չէ, տպավորություն է ստեղծվում, թե այդ գրասենյակը տեղափոխվել է Մոսկվա, որոշումներն էլ կայացվում են այնտեղ։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել վերոնշյալ “անտեղյակությունը”։ Նշենք, որ նոյեմբերի 8-ի ճաշկերույթի մասնակիցների ցանկում որպես ՀՀՀ գործադիր տնօրեն նշված էր Արա Վարդանյանի անունը։ Եվ եթե որեւէ փոփոխության է կատարվել, ապա՝ կատարվել է վերջին երկու օրերին”,–գրում է թերթը։