Ո՞ւմ է պատկանում Շուշին. Ավետիք Չալաբյան
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց իր այն թեզը, որ Շուշին հայերին պետք չէր, քանզի եթե պետք լիներ, նրանք այնտեղ անցած տասնամյակների ընթացքում համարժեք ներդրումներ կանեին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես վաղուց արդեն չեմ անդրադառնում Նիկոլ Փաշինյանի մտքի տարաբնույթ փայլատակումներին, քանի որ դրանք, ըստ էության, պարտված ղեկավարի մանիպուլյատիվ ինքնարդարացումներն են, և ժամանակի ընթացքում բոլորն էլ ի դերև են գալու։ Սակայն ես կուզեի օգտվել այս առիթից, և խոսել Շուշիի, նրա իրական դերի, և մեր հասարակության կողմից այդ դերի ընկալման մասին։
Ով գեթ մեկ անգամ եղել է Շուշիում, գիտի, որ դա հասարակ քաղաք չի, որի արժեքը կարելի է չափել այնտեղ կատարած շինարարության ծավալով (թեև այդ ծավալները իրականում փոքր չէին)։ Շուշին բնական, աստվածակերտ ամրոց է, որը փաստացի վերահսկում է Արցախի զգալի մասը, և որի նկատմամբ վերահսկողությունը ողջ Արցախին տիրելու բանալին է։
Շուշին նաև Հարավային Կովկասի «Երուսաղեմն» է՝ քաղաք, որը առանցքային նշանակություն է ունեցել թե հայ, և թե մահմեդական բնակչության մշակույթում, և նրանց պատմական հիշողության մեջ կարևորագույն տեղ ունի։ Շուշին քանիցս ձեռքից ձեռք է անցել, և նրա ամեն քարը շախախված է արյամբ՝ թե մեր, և թե մեր թշնամիների։
Շուշիի նկատմամբ վերահսկողությունը, իրապես, Հարավային Կովկասում գերակայության բանալին է։
Քանի մենք էին տիրապետում Շուշիին, մերն էր ողջ Արցախը, Արաքս գետի հովիտը, Իրանի հետ սահմանը, անվտանգ էր Սյունիքը, և մենք էին գերակա ռազմաքաղաքական ուժը այս տարածաշրջանում։ Թշնամուն Շուշին հանձնելուց հետո, մենք դերերով փոխվել ենք՝ հիմա իրենք են գերակա, մենք՝ խեղճացած ու վտանգված, հայացքներս Ռուսաստանին ու Իրանին ուղղած, որ չկորցնենք նաև Սյունիքը։
Ուստի Շուշիի նկատմամբ վերահսկողությունը մեր ինքնիշխանության, մեր անվտանգության, մեր ազգային լինելիության առանցքային չափորոշիչն է՝ կառողջանանք, կուժեղանանք և կհզորանանք մենք՝ հետ կվերադարձնենք Շուշին, նորից անվտանգ կդարձնենք մեր արևելյան սահմանները, կերաշխավորենք մեր պետության ինքնիշխանությունը և զարգացումը։ Կշարունակենք իրար միս կրծել, գործ անելու փոխարեն մեղավորներ փնտրել, թուրքերին «դրական ազդակներ» ուղարկել՝ Շուշիի հետևից կկորցնենք Ստեփանակերտը, Գորիսն ու Կապանը, և դրա հետ էլ՝ Աստծո կողմից մեզ պարգևած հայրենիքում արժանապատիվ ապրելու հեռանկարն առհավետ։
Շուշին երկնային արծիվների բերդ է, անմատչելի իր բնական ամրությամբ, և իրական տիրոջ ձեռքում՝ անառիկ ամրոց։ Թե անցյալում, թե այսօր, և թե ապագայում, Շուշին պատկանելու է նրան, ով գերազանցում է դիմացինին իր ոգու ամրությամբ, իր մտքի սրությամբ, իր սրտի մաքրությամբ, ով արի է և անդավաճան։ 29 տարի առաջ, մեր հերոսների սերունդը իր ոգով, մտքով և սրտով գերազանցեց թշնամուն և ազատագրեց Շուշին, փառքով պսակելով իր ճակատը, և մեզ թողնելով անգին ժառանգություն։
Եթե այսօր Շուշին անցել է թշնամուն, մենք պատճառները հենց մեր մեջ պետք է որոնենք՝ յուրաքանչյուրս մեր ոգու, մտքի, և սրտի թուլության, և յուրաքանչյուրս մեզ հարց պետք է տանք՝ ինչը մենք պետք է փոխենք մեր կյանքում, մեր վարքում, մեր մտածելակերպում ու գործելակերպում, որպեսզի նորից դառնանք ուժեղ՝ անհատապես, և հզոր՝ որպես երկիր և հասարակություն, և նորից արժանի դառնանք տիրելու Շուշիին։ Մինչ այդ, Աստծո ամեն օր, փորձենք գեթ մի բանով դառնալ ավելի առողջ, ավելի դիմացկուն, ավելի ազնիվ, ավելի աշխատասեր, ավելի հեռատես, ավելի խոհեմ՝ միասին ճանապարհ բացելով դեպի մեր երազած Շուշին։