Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր սեպտեմբերի 30-ին, բավարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Տոնոյանը կալանքի տակ կմնա 2 ամսով։
Նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություններ արեց դատարանում, տվեց համապատասխան բացատրություններ»,- նշեց նա։
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։
ԱԱԾ-ն երեկ Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել են նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ Թե ԱԱԾ–ում գործը հարուցվելուց ամիսներ անց քննիչներն այդ բնակարաններում ինչ էին ակնկալում գտնել, հայտնի չէ։ Մամուլում միայն լուրեր են շրջանառվում, որ իրավապահները փաստաթղթեր եւ գումար են փնտրել։
Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը երեկ ձերբակալվել էին, դատարանի որոշմամբ Տոնոյանն ազատ է արձակվել, իսկ Գալստյանը մինչև հիմա ձերբակալված է։