Ինչո՞ւ ենք 30 տարի պահում այդ գործը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվու էր ՛՛Արխիվային գործի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Կառավարությունն առաջարկում է փաստաթղթերի ժամանակավոր պահպանման ժամկետը կրճատել: ՛՛Դատական գործերը մինչև մշտական պահպանության հանձնելը դատական համակարգում պետք է մնան 30 տարի, որից հետո նոր ուղարկվի պետական արխիվ՛՛,- ասաց Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ոչ ծանր տեսակի հանցագործությունների դատական գործերը 30 տարի պահպանելը ոչ մի իմաստ չունի: ՛՛Մեկը մյուսին ապտակել է, ինչո՞ւ ենք 30 տարի պահում այդ գործը, կամ ասենք ի՞նչ իմաստ ունի ամուսնալուծության գործի այդքան երկար պահպանումը: 30 տարի պետք է պահվի ծանր և առանձնապես ծանր տեսակի հանցագործությունների գործերը՛՛,- ասաց Ջհանգիրյանը և հավելեց, որ ոչ ծանր տեսակի հանցագործությունների միայն որոշումները պետք է 30 տարի պահել, իսկ բուն գործը պահելը ոչ մի իմաստ չունի:
Վաչե Տերտերյանն, արձագանքելով Ջհանգիրյանի խոսքին, ասաց, որ իրենք անպայման կվերանայեն օրենքը և հաշվի կառնեն դիտողությունները: