24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նախկինաֆոբիա»․ «Փաստ»

Պատերազմի ավարտից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամի արդյունքում հունիսի 20-ին ունեցանք արտահերթ ընտրություններ, սակայն դրանով ճգնաժամն այդպես էլ չհանգուցալուծվեց, այլ հակառակը, իսկ ապագայի մասով անորոշությունները պահպանվեցին։ Նույնիսկ ավելի խորացան: Ընտրություններում գրանցվեցին անտրամաբանական արդյունքներ, քանի որ ցանկացած տրամաբանող, մտածող մարդու թվում էր, թե երկիրը պարտության և կապիտուլյացիայի առաջնորդած իշխանությունները պետք է գլխիկոր հեռանան, բայց դրա փոխարեն նրանք հնարավորություն ստացան կրկին վերարտադրվել։

Ու անգամ շատ արտասահմանյան փորձագետների համար զարմանալի ու ինչ-որ առումով նաև հակաքաղաքագիտական է թվում այս իրողությունը, որ ժողովրդի մեծամասնության քվեն է ստանում հենց նույն ժողովրդի գլխին աղետ բերած քաղաքական ուժը։ Շատերն անգամ դժվարանում են պատմության մեջ հիշել գեթ մեկ դեպք, երբ պետությունը ջախջախման հասցրած և անվտանգության ու պետական ողջ համակարգը քայքայած իշխանությունները շարունակեն ղեկավարել երկիրը։ Եվ պատահական չէ, որ որոշ վերլուծաբաններ էլ փորձում են այս իրողությունը բացատրել այն հանգամանքով, թե ընտրությունների միջոցով հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ կորցրել է իր պայքարելու մոտիվացիան, ներուժն ու ինքնապաշտպանական բնազդը։ Իսկ ինչո՞ւ ունեցանք նման արդյունքներ։ Պատճառները, փորձագետների ու քաղաքական գործիչների գնահատմամբ, բազմաշերտ են: Սակայն կան մի քանի գործոններ, որոնք առավել մեծ ազդեցություն ունեցան:

Թերևս պետք է ընդունել, որ ընտրախախտումների ու վարչական ռեսուրսների զանգվածային կիրառման հետ մեկտեղ, ինչպես 2018 թվականի իշխանափոխության ընթացքում, այս անգամ ևս իշխանություններին հաջողվեց խաղալ «նախկինների» ու «ներկաների» բաժանման տրամաբանության ներքո, որքան էլ ներկաների մեջ «նախկիններից» ավելի նախկինները, մեղմ ասած, քիչ չէին: Գործող իշխանությունների կառավարման այս երեք տարվա ընթացքում պատեհ-անպատեհ «նախկինների» հետ կապված թեզերը միշտ շրջանառության մեջ են դրվել։ Եվ եթե ինչ-որ ուղղությամբ իշխանությունները ձախողվում էին, միանգամից սկսում էին օգտագործել այն թեզերը, թե «նախկինները» սաբոտաժի են ենթարկում, դավադրություն են կազմակերպել, որպեսզի իշխանությունները չկարողանան հաջողության հասնել, իսկ իրենք կարողանան հետ վերադառնալ, և այլն։

Նույն կերպ այս թեզերը գեներացվեցին նաև կապիտուլյացիան արդարացնելու համար՝ այն համատեքստում այն լույսի ներքո, թե Նիկոլը մեղք չունի պարտության հարցում, քանի որ «նախկիններն» արդեն համաձայնություն էին տվել կամ ստորագրել էին փաստաթղթեր, որ հողերը պետք է հանձնել, այսինքն՝ նախկիններն արդեն հանձնել էին։ Համաձայն ենք՝ ավելի մեծ հիմարություն դժվար է մտածել: Սակայն, ուզենք, թե չուզենք, մեր հասարակության մեջ կա մի ստվար զանգված, որ ոչ միայն հաճույքով հավատում է այդ կարգի ապուշություններին, այլև ժողովրդական ֆոլկլյորի հանգվույն ճոխացնում ու խորացնում է թեման: Օրինակ՝ Նիկոլին գողացել են ու զենքի սպառնալիքի ներքո ստիպել են ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Գերիներին Քոչարյանն իր «պադվալում» է պահում: Ու նման լիքը ուրիշ բաներ՝ շրիշակից ցածր, ապշեցնելու աստիճան դատարկ ու անհեթեթ, բայց… Որպես, կանոն, նման դատարկախոսություններն ու ասեկոսեներն ավելի դյուրին են ընկալվում որոշակի շերտի մարդկանց կողմից, քան, ասենք, փաստերի հիման վրա լուրջ վերլուծությունը։

Ընդ որում, որքան թեզն անհավանական է, այնքան հավատացողների քանակը մեծ է: Այդպես աշխատել են միշտ, ճոխացրել ու բազմապատկել նույն «նախկինների»՝ առանց այդ էլ ոչ քիչ թերություններն ու սխալները, հասցրել միֆականության, լեգենդի աստիճանի: Ուստի զարմանալի չէ, որ «նախկինների» վերադարձի հետ կապված վախի կամ «նախկինաֆոբիայի» գործոնը մեծ դերակատարություն ունեցավ այս ընտրություններում, առավել ևս, որ ընտրություններին մասնակցում էին ՀՀ նախկին երեք նախագահները։ Արդյունքում, շատերը, «նախկինների» վերադարձի հեռանկարից սարսափած՝ ակամա գործեցին այնպիսի ծայրահեղացված պատկերացումների ներքո, թե՝ «թեկուզ թուրքը մեզ կոտորի, բայց հանկարծ նախկինները հետ չգան»։ Ու երկրորդական դարձան երկրի անվտանգության խնդիրը, փլուզված տնտեսությունը, կորսված Արցախը, հազարավոր զոհերը…

Ընտրությունների այսպիսի արդյունքներ ունենալու հարցում մեծ ազդեցություն են ունեցել նաև ատելության, թշնամանքի գեներացումը, հասարակության բևեռացված վիճակը, սոցիալական և հասարակական խնդիրները։ Էլի մի շարք գործոններ: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին: Կփորձենք ժամանակի հետ առավել մանրամասն հասկանալ նման խայտառակ ընտրությունների, ավելի ստույգ՝ նման կործանարար արդյունքների այլ պատճառներ ևս, որպեսզի ապագայում կարելի լինի խուսափել նման փորձանքներից…»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ