24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակ, բայց խնդիրը լուծել, որ այս օրին չհասնեինք». Սերժ Սարգսյանի հարցազրույցը BBC-ի ռուսական ծառայությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը, որի ընթացքում նա անդրադարձել է ԱԺ արտահերթ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի տապալմանը և պատերազմի հրահրմանը, 44-օրյա պատերազմի նվաստացուցիչ պարտությանը:

«Այո, ես կարծում եմ, որ նա հաղթել է ընտրություններում, բայց բազմաթիվ հարցեր են առաջանում կապված այդ հաղթանակի հետ»,-անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի արձանագրած արդյունքներին, ասում է ՀՀ երրորդ նախագահը, և ավելացրել.

«Մենք մշտապես խոսում էինք այն մասին, որ երկրում, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որի մի մասն օկուպացված է հարևան երկրի կողմից, որի զինվորների ու սպաների մեծ թիվ գտնվում են գերության մեջ, երկրում, որտեղ դեռևս իր զինվորների ու սպաների բոլոր մասունքները չի հանձնվել հողին, այդպիսի երկրում ընտրություններ անցկացնելը սխալ է, ճիշտ չէ: Բայց, ցավոք սրտի, ընդդիմությունն այս հարցում միակարծիք չէր, և շատ-շատերը, ելնելով իրենց անձնական պատկերացումենրից, որոշեցին գնալ ընտրությունների: Եվ մենք պարտադրված մասնակցեցինք այս ընտրություններին:

… Մենք սպասում էինք շատ ավելի կոնկրետ խախտումների, որոնց ականատեսը, փաստորեն, եղանք` վերջին երկու օրերին մեր ակտիվիստների նկատմամբ իրոք շատ մեծ ճնշումներ եղան` անօրինական խուզարկումներ, անօրինական ձերբակալություններ»:
2018 թվականին ստեղծվել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները, իսկ Հայաստանի նոր իշխանությունը տապալել է բանակցային գործընթացը և կոպիտ սխալներ թույլ տվել, որոնք էլ դարձել են պատերազմում պարտության պատճառներից մեկը: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով բանակցային գործընթացի զարգացումները, նախքան դրանց փակուղի մտնելը:
Անդրադառնալով բանակցային գործընթացի տապալմանը և 44-օրյա պատերազմի նվաստացուցիչ պարտությանը, Սերժ Սարգսյանն ասում է.

«Երբեք ես այդպիսի իրվաիճակում չէի կարող հայտնվել: Եվ սա ոչ թե դատարկ խոսակցություններ են, այլ երկու անգամ իրականության մեջ տեղի ունեցածի արձանագրում՝ սկսած1992-1994 թվականներին մեր առաջին պատերազմից: Այդ պատերազմի ժամանակ սկզբում մենք կորցրել էիք Արցախի գրեթե 50%-ը, այնուհետև մենք մեր մեջ ուժ գտանք, հաղթահարեցինք բոլոր բարդությունները և արդեն ունեցանք այն, ինչ ունեցանք: …Մենք կապիտուլյանտին մեղադրում ենք ոչ թե նրա համար, որ ինքը եռակողմ փաստաթուղթ ստորագրեց, երբ որ ադրբեջանցիներն արդեն գրավել էին Շուշին և գտնվում էին Ստեփանակերտին շատ մոտ, այլ այն իրավիճակի համար, որ նա ստեղծեց: Նա բազմաթիվ անգամներ հնարավորություն ուներ ռազմական այդ գործողությունները դադարեցնելու: Վստահաբար դրանք ենթադրություններ չեն. այդ մասին են վկայում նաև Ռուսաստանի նախագահի հայտարարությունները: …Մինչ պատերազմը բազմաթիվ կոպիտ սխալներ տեղի ունեցան, պատերազմը կոպիտ սխալների արդյունք էր:

…Մենք չենք պնդում, որ ռազմական գործողությունները սկսվել են միայն ու միայն Հայաստանի սխալների հետևանքով: Ոչ: Ադրբեջանը միշտ էլ ցանկություն է ունեցել ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու, բայց երբեք նրա գործողությունները չէին կարող լինել այսպես լեգիտիմ, հատկապես միջազգային հանրության համար, քան այն, ինչ ունեցանք սեպտեմբերի 27-ի դրությամբ: Եվ, փաստորեն, միջազգային հանրությունը չտվեց այն արձագանքը, ինչ պետք է որ լիներ:

…Բայց մենք ի՞նչ տեսանք սեպտեմբերի 27-ին և դրանից հետո. վախվորած մեկ-երկու հայտարարություններ, որոնք չէին կարող զսպել Ադրբեջանին և հատկապես Թուրքիային: Բայց դրան նախորդել էին ավելի ծանր սխալներ և թույլ տվեք ասել՝ ծանր հանցագործություններ: Հենց իշխանության գալուց անմիջապես հետո այս իշխանությունները սկսեցին վարկաբեկել բանակը, այսինքն` բանակը հասցրեցին գրեթե կազմալուծման: Իրենց թվում էր, ամենայն հավանականությամբ, որ չեն լինելու ռազմական գործողություններ, որովհետև իրենք ժողովրդավար են, որովհետև իրենք վայելում են ժողովրդի մեծ մասի աջակցությունը, նրանք լեգիտիմ են և այլն, ո՞վ կարող է համարձակվել հարձակվել մի երկրի վրա, որտեղ իշխանությունը չափազանց ժողովրդավար ու լեգիտիմ է, իսկ մյուս կողմում` հարձակվողի կողմում, ինչպես հետո արդեն ինքն էր ասում՝ բռնապետություն է: Դա մանկամտություն է»,-ասում է Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով մինչ պատերազմը Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունները, որոնք հանգեցրեցին այս իրավիճակին.
«Դրան հետևեց, իհարկե, այդ շատ կոպիտ սպառնալիք` ոչ միայն Արցախը Հայաստան է և վերջ, այդ հայտարարության մասին չէ խոսքը, այլ այն հայտարարության մասին, որ ինքը բանակցություններ չի վարի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղը չի մասնակցում այդ բանակցություններին»:

Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և հաշտության գործընթաց սկսելու ցանկությունն էր իրենց ստիպել իշխանության գլխին մնալ 2018 թվականին՝ նախագահական երկու ժամկետից հետո:

«Այնպես որ, եթե ես լինեի, իսկ ես անկեղծորեն ասում եմ, բոլորին ասել եմ, հիմա էլ Ձեզ եմ ասում, որ վարչապետի պաշտոնին իմ մնալու պատճառը, իմ գործընկերների հորդորներին ընդառաջ գնալով, միայն ու միայն նրա համար էր, որպեսզի այդ բանակցային գործընթացը հասցնեմ մի այնպիսի հանգրվանի, որ հարցի լուծումը կախված չլինի գլխավոր բանակցողից, հասկանո՞ւմ եք: Բայց, ցավոք սրտի, մեզ դա չհաջողվեց, որի համար ափսոսում եմ, բայց, նորից եմ կրկնում՝ իմ պարագայում բացառվում էր ռազմական գործողություններ այսպիսի արդյունքով»,-ասում է նա:

 

Նախագահը մեջբերել է մի շարք փորձագետների կարծիքը, որի համաձայն պատերազմի հրահրման պատճառներից մեկը Փաշինյանի՝ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձն էր:

«Նրանք բանակցությունները փակուղի են մտցրել»,- նկատում է Ս. Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նոր իշխանությունները ցանկանում էին բանակցությունները սկսել «արդարության սկզբունքի» հիման վրա և ոչ թե հաստատված շրջանակների ներքո:

«Դուք պատկերացնում ե՞ք այդ մարդկանց մակարդակը: Ի՞նչ է նշանակում «ելենելով արդարության սկբունքից»: Այն ինչ արդարացի է մեզ համար, անարդար է ադրբեջանցիների համար, և ընդհակառակը»,- նշել է քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ դրան հաջորդել է ևս մեկ կոպիտ սխալ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության տեսքով:

Անդրադառնալով բանակցություններում Արցախը ներգրավելու Փաշինյանի պահանջին՝ Սարգսյանը նշել է, որ միջազգային միջնորդները նույնիսկ չեն քննարկի այդ հարցը:

«Որքան տհաս պետք է լինել՝ չհասկանալու համար, որ այդ պայմանը դնում է ոչ թե ադրբեջանցիների, այլ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների առաջ: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները 5 հայտարարություն էին արել, որոնցում խոսել էին սկզբունքների և ձևաչափի համար: Ակնհայտ էր, որ Ղարաբաղը չէր կարող լիարժեք բանակցային կողմ դառնալ: Ասելով «լիարժեք» նկատի ունեմ իր դրոշով, իր նախագահով և այլն»,- նշում է ՀՀ երրորդ նախագահը:

Նա հերքել է այն պնդումը, որ Հայաստանը զբաղված էր բանակցություններ ընթացքի ձգձգմամբ:

«Մենք շատ կառուցողական և դինամիկ բանակցություններ էինք վարում: Որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ մենք ոչմիթիզական էինք կամ դիտավորյալ ձգձգում էինք բանակցային գործընթացը:

…Ոչ մի պարագայում Դուք ինձանից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնելու տարածքները: Ընդհակառակը, ես և 1994 թվականին, և 1996 թվականին, և 2000 թվականին, ես անգամ խորհրդարանի ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամը իմ հայրենիքը չէ, ավելի պարզ ինչպե՞ս կարելի էր ասել: Ես պատրաստ էի, պատրաստ էի, կներեք, դավաճանի պիտակ, բայց խնդիրը լուծել, որ այս օրին չհասնեինք: Այսինքն` ես չէի մտածում ոչ իմ վարկանիշի մասին և ոչ էլ պատմության մեջ մնալու մասին: Ես մտածում էի խնդրի լուծման մասին»,- ասել է նախկին նախագահը:

Նա նշել է, որ իրեն գրեթե հաջողվել էր, և 2018 թվականին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, որոնք պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեին:

Սարգսյանը նկարագրել է հետևյալ գործընթացը.
«Հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ առանց հստակ ամսաթվի հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց, այնուհետև մյուս երկու շրջանի վերադարձը՝ հանրաքվեի անցկացման և խաղաղապահների տեղակայման դիմաց»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է ընդուներ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է բնակչության ազատ կամարտայատման միջոցով:

«Մենք սերտորեն կապում էինք երկու շրջանի վերադարձը, բացառությամբ միջանցքի, որը պետք է ցամաքային կապ ապահովեր Հայաստանի հետ, հանրաքվեի անցկացման օրվա հետ, կգային խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման որոշակի գործընթաց»,- մեկնաբանել է նախագահը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Իլհամ Ալիևը համաձայն էր դրան, Սարգսյանը նշել է՝ «գործնականում»: Որպես դրա հաստատում նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի խոսքը, երբ 2016 թվականին վերջինս հայտարարել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և 2020 թվականին, երբ արդեն պատերազմից հետո հայտարարել էր, որ Լաչինի (Բերձոր) և Քելբաջար (Քարվաճառ) շրջանները նախատեսվում էր թողնել հայկական տիրապետության տակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ