Մեծ մարտահրավեր Հայաստանի համար
ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց, որ մինչ այս հնարավորություն չէր տրվել ՀՀ քաղաքացիներին ծանոթանալ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կամ ԵՏՄ-ին միանալու պայմանագրերին: ՛՛Չեմ ուզում սահմանադրական հարցը քննարկենք, որովհետև դա միանգամից տուպիկ է տանում: Բարեբախտաբար, մեր Սահմանադրության 1, 2, 114-րդ հոդվածները բացառում են, որ այս պայմանագիրը համարվի սահմանադրական, որովհետև որևէ վերազգային կառույց չի կարող որոշումներ ունենալ, որ պարտադիր լինի մեր երկրի համար՛՛,-նկատեց նա:
Ըստ Քոքոբելյանի՝ հունվարի երկուսից չի գործելու ՀՀ մաքսային օրենքը, գործելու է ընդհանուր ԵՏՄ օրենսգիրքը, ինչը խնդիր է առաջացնելու տնտեսական զարգացման համար դրույքաչափերի տեսանկյունից: ՛՛Ոչ մի անգամ չի նշվել, թե ինչ է արվելու՝ կապված սանկցիաների հետ, որ չի բխում ՀՀ շահերից, մեր քաղաքացիները տուժվում են: Ասվում է՝ նոր շուկաների նվաճման ուղի ենք բռնում, բայց այսօր ռուսական ռոբլին գահավիճում է ներքև՝ արժեզրկում: Եթե ցանկացած տնտեսվարող հույս ունի 25-30% շահույթ ստանալ ռուսական շուկայում, այսօր դա գոյություն չունի, և դրա մասին խոսելն առնվազն լուրջ չէ՛՛:
Պատգամավորը շեշտեց, որ գաղտնիք չէ, որ շատ գինեգործներ հրաժարվել են նոր տարվա շեմին գինի արտահանել ՌԴ, քանի որ մշուշոտ է դրա ապագան: ՛՛Ես այս պայմանագիրը համարում եմ մեծ մարտահրավեր Հայաստանի ու Հայաստանի տնտեսության համար, որը մեզ զրկելու է նոր միջոցների, օտարերկյա ներդրումների հնարավորությունից՛՛,-հայտարարեց Քոքոբելյանը: