06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լրագրողները ծանոթանում են բնապահպանական մարտահրավերներին և դրանց լուծմանը

Նոյեմբերի 19-23-ը «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան Ծաղկաձորում անցկացնում է «Բնապահպանական հիմնախնդիրները և լրագրողները. մարտահրավերները և լուծումները» խորագիրը կրող սեմինարը, որին մասնակցում է շուրջ 20 լրագրող երևանյան և մարզային լրատվամիջոցներից։  

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևի նախագահ Լիանա Ներսիսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է լրագրողներին ներկայացնել բնապահպանական արդի հիմնախնդիրները. «Մենք փորձում ենք բնապահպանական հիմնախնդիրներին անդրադառնալ բոլոր տեսանկյուններից, փորձագետները կներկայացնեն մասնագիտական գործիքներ, ինչը կօգնի լրագրողներին իրենց հետագա գործունեության ընթացքում»։ Լիանա Ներսիսյանն ասում է, որ ինքը հետևում է մամուլում բնապահպանական թեմաների լուսաբանմանը. «Լրատվամիջոցներում կան բավականին պրոֆեսիոնալ մեկնաբանումներ։ Հասկանում ես, որ շատ հեղինակներ ուսումնասիրել են հարցը, հետազոտություններ արել։ Բայց կան նաև ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ, որոնք զուտ սենսացիայի համար են։ Մեր նպատակն է լրագրողներին տալ համապարփակ տեղեկություն՝ հետագայում իրենց նյութերն օբյեկտիվ ներկայացնելու համար, որպեսզի հանրությունը բնապահպանական ավելի ռեալ գիտելիքներ ստանա թե՜ Հայաստանից, թե՜ ամբողջ աշխարհից»։

Հանրային հեռուստաընկերության լրագրող Աննա Հայրապետյանն էլ նկատում է, որ էկոլոգիական խնդիրներն աշխարհում և Հայաստանում մեծ հնչեղություն ունեն, և հարցը լուսաբանելիս լրագրողները մի կողմից բախվում են արդյունաբերության, տնտեսության զարգացման անհրաժեշտությանը, մյուս կողմից՝ շրջակա միջավայրի պահպանությանը։ «Այսօր բավականին ակտիվ են բնապահպանական հասարակական կազմակերպությունները, տարբեր շարժումներ, ուստի այսպիսի թեմաներ լուսաբանող լրագրողները պետք է պատկերացում ունենան թեմայի մասին և խորությամբ անդրադառնան խնդիրներին ու բազմակողմանի ներկայացնեն։ Ես այն լրագրողներից եմ, որ համարում են՝ այո′, տնտեսությունը պետք է զարգանա՝ բնականաբար, նաև թափոնների, արտանետումների ծավալները պակասեցնելով։ Օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 3 քաղաքի և հարակից գյուղերի ապահովում է աշխատանքով։ Մարդիկ չեն արտագաղթում, քանի որ ունեն աշխատանք։ Իհարկե, բնապահպանական ռիսկերը շատ-շատ են, և դրանք պետք է ներդրումների շնորհիվ նվազագույնի հասցվեն։ Շատ կարևոր են նման միջոցառումներ, որտեղ բազմակողմանի տեղեկատվություն ես ստանում հիմնախնդիրների մասին։ Պետք է կարողանաս խնդրի առավելություններն ու թերությունները համադրել, ընդհանուր պատկեր ստանալ՝ հարցը բազմակողմանի ներկայացնելու համար։ Գուցե շահերի բախում լինի, բայց իմ ընթերցողը կամ հեռուստադիտողը թեմայի վերաբերյալ ավելի լայն պատկերացում կունենա»,- նշեց Աննա Հայրապետյանը։

Բնապահպանական սեմինարին լրագրողները ծանոթանում են Հայաստանի բնապահպանական մարտահրավերներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին, կայուն զարգացման հայեցեկարգին, էկոլոգիական խնդիրները լուսաբանելիս նոր և այլընտրանքային մեդիաների հնարավորությունների օգտագործմանը և այլ թեմաների։

Սեմինարը կազմակերպվել է ՀՀ նախագահ գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ