Բողոքի ակցիա կիրականացնեն Կառավարության դիմաց․ Հայտարարություն
Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա, որի մասնակիցները Արագածոտնի մարզի Գեղարոտ գետահովտի տարածքում գտնվող Արագած, Ծաղկաշեն, Քուչակ, Վարդենուտ, Արայի, Ափնա և Հարթավան գյուղերի բնակիչներն են:
Ակցիայի գլխավոր նպատակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անմիջական տեղեկացնել, թե ինչպես արդեն 2 տարի ծածկադմփոց է իրականացվում Գեղարոտ գետի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի գործունեության դադարեցման արդարացի պահանջի շուրջ։
Ձեռք բերված փաստական տվյալները հիմք են տալիս պնդելու, որ նշված ՀԷԿ-երի հետ կապված՝ 2018թ. ՀՀ Վարչապետի համապատասխան հանձնարարականի շրջանակում կատարված ուսումնասիրությունները հաստատել են, որ այդ փոքր ՀԷԿ-երի շահագործումն անթույլատրելի է, ինչի մասին տարածքի բնակիչները չեն տեղեկացվել։
Արագած համայնքի բնակիչների լիազոր ներկայացուցիչ
ԳԵՂԱՐՈՏԻ ԳԵՏԱՀՈՎՏԻ ՄԱՍԻՆ
Գեղարոտ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասախի աջ վտակը։ Սկիզբ է առնում Արագածի արևելյան լանջից՝ 3600մ բարձրությունից և Ափնագյուղից 1 կմ հարավ-արևելք միախառնվում մայր գետին։ Երկարությունը 25 կմ է, ջրհավաք ավազանը՝ 66 կմ²։ Գետահովիտը V-աձև է և կիրճանման, ստորին հոսանքում լայնանում է։ Սնումը հիմնականում հալոցքային (69%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 0,94 մ³/վ։ Ձմռանը սառցակալում է։ Գետահովտում կան հանք, ջրերի ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։