Չի բացառվում, որ դա սուսուփուս կհանձնեին, եթե լրատվամիջոցներն աղմուկ չբարձրացնեին. Սեյրան Օհանյան
Սահմանային սադրանքներ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ վերահսկողություն չկա: Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան: Չի բացառվում, որ եթե լրատվամիջոցների կողմից աղմուկ չբարձրացվեր, այդ ամենը սուսուփուս հանձնեին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեկվանից հակառակորդի կողմից Սև լիճը վերահսկողության տակ պահելու գործողությանը:
«Անվտանգության խորհրդի և Կառավարության նիստից հասկացա, որ ադրբեջանցիները հետ չեն գնացել, բանակցությունները դեռ շարունակվում են: Սա սադրանք է և հնարավոր է լինի նաև բախում չնայած որ ՌԴ-ի ՀԱՊԿ-ի և նաև խաղաղապահ ուժերի առկայությունն, որոշակի չափով երաշխիք է, որ բախում չլինի»,- նշեց նա:
Սեյրան Օհանյանը անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ այն չպահպանվող բարձունք է և այդպիսիք շատ կան, պատասխանեց. «Այն տարածաշրջանը, նաև Իշխանասարի տարածաշրջանը, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել, դա աջ կողմից կարող է վերահսկողություն իրականացնել Սիսիանի և Գորիս-Սիսիան ճանապարհի վրա, կենտրոնով ամբողջությամբ Վերիշեն և Գորիս համայնքի վրա վերահսկողություն և ձախից անմիջապես կախված է Խնածախ և մի քանի փոքր գյուղերի ենթաշրջանի վրա: Սև լճի սահմաններում չվերահսկվող տարածք չպետք է լինի, որովհետև Սև լիճը 2667 մ բարձրության վրա է, ես երկու անգամ եղել եմ այդ լճում, իսկ կողքի բարձունքները մոտ 3000 մետր են, իսկ 3000 մետր բարձունքները ռազմավարական են և պետք է միայն ու միայն վերահսկողության տակ լինեն և դա անհատների գործը չէ, դա պետական համակարգի Կառավարության, Ազգային ժողովի, բանակի, Ազգային անվտանգության գործն է, որ այնտեղ ռեալ, վստահ պաշտպանություն իրականացնեն»:
Նախկին նախարարը նշեց, որ սահմանագծում (դելիմիտացիա և դեմարկացիա) իրականացնելու համար պետք է ստեղծվեն պայմաններ, պետք է պետությունների միջև խաղաղություն հաստատվի և միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի։
«Առաջին գծում գտնվող մի հրամանատար կարող է GPS բերել, մեկ այլ հրամանատար՝ քարտեզ բերել, այդ ամենը պետք է մեր իշխանությունները կանգնեցնեն, իսկ դա իրենք չեն գիտակցում: Կարող է՝ մեզ մոտ էլ մեկ ուրիշ քարտեզ լիներ, որ Լաչինը մերն է: Դրա համար միջգերատեսչական, միջկառավարական երկու պետությունների հանձնաժողով պետք է լինի, և այդ ամբողջ աշխատանքն իրականացնի: Չպետք է հույսը դնել տեղական ինքնակառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակցի, համայնքի աշխատողի ավագանու անդամի կամ տեղում մի դասակի և վաշտի հրամանատարի վրա»,– ասաց նա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ ադրբեջանցիների կատարած գործողություններն արդյունք են մի քանի հանգամանքի՝ հակառակորդն օգտվում է մեր ներքաղաքական իրավիճակից և սադրանքներ է կազմակերպում սահմանային հատվածներում: Ըստ նրա՝ մյուս հանգամանքն այն է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իրականացնում է ճնշումներ, որի նպատակն է ապաշրջափակման անվան տակ Սյունիքով ճանապարհ ունենալ Թուրքիայից Նախիջևան, Նախիջևանից Ադրբեջան և իրագործել Մեծ Թուրանի ծրագիրը:
Նրա համոզմամբ՝ մեր իշխանությունները պետք է հասկանան, որ ապաշրջափակման անվան տակ Հայաստանը հայտնվելու է տնտեսական բավականին լուրջ ճնշումների տակ, և թուրքերը մտնելու են մեր տարածաշրջան, որը նաև ժողովրդագրական խնդիրներ է առաջացնելու։
«Այս ամենն արդյունք է նրա, որ առանց որևիցե պայմանի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, քարտեզի, դելիմիտացիայի և դեմարկացիայի, առանց մտածելու սահմանային բարձունքները, ճանապարհային հատվածները թողել են ադրբեջանցիներին, բայց չէ՞ որ նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրով բոլորը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ ռազմական գործողություններն ավարտվել էին: Մեր իշխանությունները չեն հասկանում, որ յուրաքանչյուր միջազգային պայմանագրում եղած կետի, ստորակետի համար պետք է երկարատև մտածել, յուրաքանչյուր սանտիմետր հողի համար պետք է բանակցել, խորհրդակցել, վիճաբանել, և հստակեցնել: Հետագայում, երբ իրական սահմանագծում, սահմանազատում լինի, և պարզվի, որ դա մեր տարածքն է, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտել, իսկ մեր տարածքն ավելի լայն է, քան այսօրվա ՀՀ տարածքները, որը հիմք ենք ընդունում Խորհրդային միության վարչատնտեսական սահմանագծերով»։