23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել. «168 ժամ»

Օրեր առաջ պարզ դարձավ, որ  Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Մովսես Հակոբյանին  մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։

 

Մինչդեռ մայիսի 5–ին Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց՝  բանակի հետ կապված հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն, ընդ որում՝ հեռախոսից:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-20 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները՝ 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ»,- գաղտնազերծեց նա և անցավ զինատեսակների թվաքանակի ներկայացմանը.

 

«Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և  «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»:

Ի դեպ, Փաշինյանի դեպքում գաղտնազերծման առաջին դեպքը չէ, 3 տարում նա բազմաթիվ անգամ նման իրավունք է իրեն վերապահել, ինչը, ըստ էության, թույլ է տվել թշնամուն ինչ-ինչ հաշվարկներ անել: Ավելին, պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 5-ի իր  մարտակոչում Փաշինյանը նշել էր. «Այսօր ՀՀ-ում 10.000 տղա կա, եթե այսքանից գոնե կեսը ներկայանա իմ կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:

Ըստ էության, ասել, թե քանի զինվորի կյանք է փրկվել կապիտուլյացիոն փաստաթղթի արդյունքում՝ 25-30.000, ոչ պակաս հաշվարկների լավ նյութ է թշնամու համար: Այս ցանկը երկար կարելի է շարունակել, այդ թվում՝ ռազմական օպերացիաներին և պաշտպանական շրջաններին վերաբերող: Ավելին, պետական գաղտնիքի գաղտնազերծում է, ըստ էության, երբ բունկերում ռազմական օպերացիաների պլանավորմանը մասնակից են դառնում կողմնակի անձինք, կամ նրանց մուտքը չի արգելվում:

Այսինքն, պետական գաղտնիքի կրող են դառնում մարդիկ, որոնք չունեն համապատասխան պաշտոն և կարգավիճակ:

Հիշեցնենք, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.

ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.

բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.

գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.

ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

Ի դեպ, երբ պատերազմի օրերին իմքայլական նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գաղտնազերծել էր Փաշինյանի տղայի՝ մարտական գործողություններին «մասնակցության» վայրը՝ Ջաբրայիլ, ԱԱԾ-ն խախտում չէր գտել այդ գրառման մեջ, թեպետ այդ մասը հետո հանվեց: Վերջերս Փաշինյանն ասաց, որ տղան եղել է այն վայրում, որտեղ ամենաշատ զոհերն ենք ունեցել: Եթե սա որևէ լրագրող ասեր, կհամարվեր գաղտնիության սկզբունքի խախտում, ինչպես պատերազմի օրերին: Ավելին, եթե հարցում ուղարկենք և հստակ պահանջենք տեղանքի անունը, դարձյալ կպատասխանեն՝ ռազմական  գաղտնիք է:

Հավելենք, որ մինչ օրս գաղտնի է պահվում  պատերազմի ընթացքում զոհերի, անհետ կորածների թիվը: Իշխանությունները միայն հայտարարել են՝ 4000-ից չի անցնի»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ