25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նա երևի իրեն արդեն կորցրել է. ամեն ինչ ապացուցված է, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու». Կարինե Աճեմյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Առհասարակ ես այն մարդկանցից չեմ, որը պիտի արդարացնի կամ այլևս որևէ բան բացատրի: Ամեն ինչ ասված է. մենք ժամանակի ընթացքում բոլոր տեսակի փաստաթղթերով և փաստերով ապացուցել ենք, պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին կապիտուլյանտ էր անվանել, նշել, թե իբր Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասել էր, որ պետք է ավելին տար, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն յոթ շրջաններն էր տալիս Ադրբեջանին, այլև Արցախի կեսը: Այս առիթով Կարինե Աճեմյանը վրդովվեց. «Նա երևի թե իրեն արդեն կորցրել է, որովհետև այն իրավիճակում, որ գտնվում է, կապիտուլյացիայից, այդքան մեծ կորուստներից հետո նորից առաջադրվել և նորից ուզենալ ամեն գնով իշխանությունը պահել, այդ աթոռը պահել, կարծում եմ սա պարզապես հիստերիայի մեծ դրսևորում է: Մենք այլևս չպետք է անդրադառնանք կամ բացատրենք, արդարացնենք որևէ քայլ կամ նախկինում արված գործողություն, քանի որ պարզապես այս ամենը  տրամաբանությունից դուրս է: Ես ուղղակի շատ եմ զարմանում, որ այսքանից հետո կարող է գտնվել թեկուզ մեկ  հայ, որը կարող է իր ձայնը տալ այս մարդուն, որը մեզ խայտառակ է արել աշխարհով մեկ: Հերիք չէ, որ ներսում այս իրավիճակն է, կատակլիզմի վերածված երկիր, ամեն ինչ կորսված, ամեն առումով՝ հոգեբանական, տնտեսական և մարդկային կորուստների առումով, դեռ ունենալ այդպիսի ցանկություն կամ ձգտում իշխանությունը պահել, կարծում եմ դա արդեն անհավասարակշիռ և իրականությունից ամբողջովին կտրված մարդու արարք է»: Մեր փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության ժամանակ որոշ հիմնավորումներ ներկայացրեց՝ առաջ քաշելով այն թեզը, որ Սերժ Սարգսյանը օգտագործել է «բնակիչ» եզրույթը, և Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հարցրեց՝ արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեին հանրաքվեին, կամ որ 1998-ից սկսած Արցախը դուրս են թողել բանակցություններից սեղանից, Կարինե Աճեմյանն արձագանքեց. «Եկեք իր՝ իբրև թե չակերտավոր փաստարկների մասին ընդհանրապես չխոսենք: Եկեք խոսենք փաստերով: Փաստը մնում է փաստ, որ Սերժ Սարգսյանը ժամանակին եղել է Շուշին ազատագրողը, տարիներ շարունակ պահել է մեր ստատուս քվոն, Արցախը զարգացել է բոլոր առումներով՝ ժողովրդավարական և զարգացող, երջանիկ հասարակություն էր ապրում Արցախում: Հիմա նայեք այս երեք տարվա մեջ ինչի՞ հասավ մեր երկիրը, էլ չեմ ասում՝ պատերազմից հետո մենք ինչ իրավիճակում հայտնվեցինք: Եթե որևէ մեկը կարող է այս փաստարկները դնել իրար կողքի,  ուրեմն ուղղակի սա պարզապես մեկնաբանել, բացատրել, համարում եմ այլևս ավելորդ: Մենք երեք տարի շարունակ՝ 2018-ի մայիսից սկսած, բացատրում ենք: Ուրախ եմ, որ մեր հասարակության մի հատվածն արդեն հասկանում է, թե ինչ է կատարվել, բայց շատ զարմացած եմ և ափսոսում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնց մենք պիտի բացատրենք ինչ-որ բաներ: Տրամաբանող կամ համարժեք հասարակություն ունենալու դեպքում այդ անձը վաղուց պետք է քշված լիներ, արդեն պետք է իր պատիժը կրեր համապատասխան վայրում»: Ըստ Կարինե Աճեմյանի՝ այդքան կորուստներից հետո մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ վտանգի առաջ է կանգնած, որից կարող է ձերբազատվել միայն՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելով:

Տաթև Հարությունյան
aravot.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ