20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անահիտ Բախշյանի հայտարարությունն անհիմն է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչությունը տեղեկացնում է. 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի  տարածած «Վեց երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու» վերտառությամբ անհիմն հայտարարության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 11/1 տանը բնակվող ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքը մշտապես եղել և մնում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ուշադրության և հոգածության ներքո:

Ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում՝ 8 անձով և, որպես բազմազավակ ընտանիք, ընդգրկված է պետական աջակցության ծրագրերում:

Մասնավորապես. 20.05.2013թ. ծնված երեխայի՝ Անահիտ Հովհաննիսյանի ծննդյան կապակցությամբ ստացել է 430000 դրամ միանվագ ծննդյան նպաստ, 50.000 դր. միանվագ օգնություն, մյուս երեխայի առաջին դասարան հաճախելու կապակցությամբ 25.000 դր.՝ հագուստի և այլ պարագաների գնման նպատակով: Բացի այդ, ամսական 68500 դրամի չափով ընտանեկան նպաստ է ստանում: Արմենուհի Մանուկյանի տղան՝ Ջիվան Հովհաննիսյանը ծառայում է բանակում, դուստրը և 2 ավագ որդիները ամուսնացած են: Վերջինները բնակվում են 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից ընտանիքին նվիրաբերված Քանաքեռ 14 փողոցի 38 շենքի երկու բնակարաններից մեկում՝ հ. 39 երկսենյականոց բնակարանում:

Ինչ վերաբերում է ազատամարտիկի ընտանիքի նկատմամբ քաղաքային իշխանությունների վերաբերմունքին, ապա նշենք, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ նշված ընտանիքը մշտապես եղել է քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և անձամբ վարչական շրջանի ղեկավարի հոգածության  ներքո.

            2011 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականը վարչական շրջանի կողմից պարբերաբար ստացել է դրամական աջակցություններ՝ ընդհանուրը 200.000 դրամի չափով:

            Այս տարվա սեպտեմբերի 8-ին Հովհաննիսյանների ընտանիքի դպրոցահասակ երեխաներին վարչական շրջանի աշխատակազմի կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ, հագուստ, կոշկեղեն, նաև միջնորդագիր է ուղարկվել թիվ 173 դպրոց՝ երեխաներին ուսումնական  գրականությամբ անվճար աջակցելու համար:

            Սեպտեմբերի 23-ին ազատամարտիկի երեխաներին օժանդակելու խնդիրը սոցիալական ապահովության վարչության կողմից քննարկվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի հետ և Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ առաջարկվել է օժանդակել ընտանիքին: Այնուհետև կատարվել է տնային այցելություն, երեխաների դպրոցական կարիքները հոգալու նպատակով տրամադրվել են ձմեռային կիսաճտքավոր կոշիկներ, գուլպաներ, տաբատներ, գրենական պիտույքներ, պայուսակներ` ըստ ընտանիքի ներկայացրած կարիքի, սակայն երեխաները  դարձյալ կանոնավոր չեն հաճախել դպրոց, չնայած օգտվում են նաև դպրոց տանող անվճար ավտոբուսից:

            28.10.2014-ին վարչական շրջանի ղեկավարի և երեխաների հոր՝ Գ.Հովհաննիսյանի հետ քննարկվել է ընտանիքին աջակցելու նպատակով Խարբերդ թաղամասում բանջարեղենի կրպակի տեղադրման հնարավորությունը, Գ. Հովհաննիսյանը առաջարկել է իրենց տրամադրել մեկ կով, որով կհոգան ընտանիքի որոշակի պարենային խնդիրները, որի հնարավորությունը  նույնպես ներկայում քննարկվում է:

Չնայած ձեռնարկված միջոցներին, երեխաները կրկին բացակայել են դպրոցից՝ տարբեր պատճառաբանություններով: Ավելորդ չէ նաև նշել, որ հաճախակի բացակայությունների պատճառով ծնողները ամիսներ առաջ հրավիրվել են դպրոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվել են բազմակողմանի օգնություններ և ծնողները վստահեցրել են, որ երեխաները կհաճախեն դպրոց, ինչում, սակայն, հետևողական չեն գտնվել:

Կանաց միամսյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, 03.04.2014թ. ՀՀԿ  կանանց խորհրդի նախագահ, ազգային ժողովի փախխոսնակ Հ. Նաղդալյանը, Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը այցելել են քաղաքացու ընտանիք՝ շնորհավորելու բազմազավակ մայր Արմենուհի Մանուկյանին, և ընտանիքին տրամադրվել է դրամական օժանդակություն, հագուստ, նաև քաղաքապետի կողմից նվերներ նրանց նորածնին: Տեղեկատվությունը լուսաբանված է տարբեր լրատվամիջոցներով, նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։ Ի դեպ, այս տարի ընտանիքի մայրը ինքն է հրաժարվել երեխաներին ամառային ճամբար ուղարկելու քաղաքապետարանի կողմից արված առաջարկից:

Հարկ է նաև նշել, որ «Էրեբունի-Երևան 2796»  տոնակատարության սոցիալական բաղադրիչի շրջանակներում քաղաքապետի հանձնարարությամբ ընտանիքին նվիրաբերվել է կենցաղային տեխնիկա:

            Ավելորդ չենք համարում նաև նշել, որ Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 11/1 տունը, որտեղ ներկայում բնակվում է ընտանիքը, գնվել է 2007 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից այդ նպատակով ընտանիքին տրամադրված շուրջ 25.0 մլն դրամով:

Ներկայացվածը թերևս բավարար է փաստելու, որ Հովհաննիսյանների ընտանիքը մշտապես օգտվել և օգտվում է ինչպես պետության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից:

Մնում է միայն հավելել, որ ընտանիքը եղել և շարունակելու է մնալ քաղաքապետարանի հոգածության ներքո՝ այսուհետ ևս ընդգրկվելով սոցիալական ծրագրերում:

Ավելորդ չի լինի նշել, որ ցանկության դեպքում այս ամենին կարող էր տեղեկանալ նաև Երևանի ավագանու հարգարժան անդամ Անահիտ Բախշյանը, ինչը, սակայն չի արել՝ գերադասելով հիմնազուրկ ապատեղեկատվության տարածումը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ