Ծավալուն պատերազմ սկսելը Ալիևի կամ Սարգսյանի որոշելիքը չէ. Աշոտ Մանուչարյան
՛՛Ամեն մի այսպիսի միջադեպ զգուշացում է մեզ նախախնամության կողմից, որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն պահի բռնկումներ կարող են լինել՛՛,- այսօր կայացած մամլո ասուլիսին , անդրադառնալով երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցմանը, ասաց ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Մանուչարյանը հավաստեց, որ նախորդ անգամ, երբ երիտասարդները սպանվում էին սահմանում, մենք մի քանի վայրկյան բռնկվեցինք, հավաքվեցինք, սակայն ամեն ինչ հանդարտվեց, և մենք էլ վերադարձանք մեր կերակրատաշտերին. ՛՛Պետք է կուռ համակարգ դառնալ, իսկ այդ հարցում շատ կարևոր է ոտքի կանգնած մարդկանց` ազատամարտիկների, մտավորականների դերակատարությունը: Մենք պետք է շատ ավելի ճկուն համակարգ ունենանք և անցնենք գործողությունների, որ կոչվում է հիբրիդային պատերազմ: Մենք ժամանակին՝ 1990-ականներին, վարել ենք նման պատերազմ, սակայն երբ որ հայրենասիրությունը փողասիրությամբ փոխարինեցինք, շատ բան կորցրեցինք՛՛:
Մանուչարյանը չի կարծում, որ ադրբեջանցիների այս քայլը նախապես պլանավորված է եղել, քանի որ իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու չէ նաև Ալիևին. ՛՛Չեմ կարծում, որ նման որոշում լինի Ալիևի կողմից, որովհետև դա բացարձակ անհեթեթություն է: Ծավալուն պատերազմ սկսելը Ալիևի կամ Սարգսյանի որոշելիքը չէ՛՛,- հավաստիացրեց նա՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր է նաև մեր կողմից են ինչ-ինչ սխալներ են եղել: