Երկրում չբնակվողների առկայությունն ընտացուցակներում բացառելու համար ՄԻՊ-ն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել
,,Հիմնական շեշտադրումս ընտրությունների հետ կապված հետեւյալն է. միավանկ գնահատական չեմ տալու՝ արդար-ազատ, անարդար-անազատ, մասամբ արդար-մասամբ ազատ եւ այլն: Պատրաստ եմ քննարկել ամեն հատվածով առանձին՝ ընտրական ցուցակներ, նախընտրական քարոզչություն, քվեարկության օրվա բուն կազմակերպում, էական խախտումներ, ինչպիսիք են՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի օգտագործում եւ բռնությունների կիրառում, եվ ի վերջո՝ բողոքարկումների մեխանիզմ՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր արտահերթ զեկույցը, նշեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
‘Այս տարի մենք ունեցել ենք թեժ գծի ծառայություն , արագ արձագանքման խմբեր եվ գրասենյակներ մարզերում, եվ կարող եմ ընդգծել, որ մեր ձեռքի տակ եղած փաստերը հիմնավոր են, որովհետեւ ժամանակին ՄԻՊ- ը կարող էր հիմնվել ընդամենը մի քանի ահազանգի ու լրատվամիջոցներում եղած փաստերի վրա: Հիմա մեր ձեռքի տակ եղած փաստերն ընդգրկում են նաեւ մեր իսկ ստացած բողոքները, որոնցից քիչ թե շատ էական հետաքրքրություն ներկայացնողներն ընդգրկվել են մեր զեկույցում’,- նշեց պաշտպանը:
ՄԻՊ-ը ընդհանրական գնահատականներ տվեց զեկույցում առանձնացված հատվածներին:
Նրա խոսքով` ընտրացուցակներում հիմնական խնդիրը եղել է այն հարցը, թե երկար ժամանակ կոնկրետ հասցեում չբնակվող քաղաքացին ինչու է ընդգրկվել դրանցում. ‘Ոստիկանության արձագանքն այս առիթով այն է, թե դա օրենքի պահանջն էր: Տեսնելով հասարակության անհանգստությունն այն հիմնավորմամբ, որ սա կարող էր լինել լուրջ հենք ընտրակեղծիքների համար, առաջարկում ենք օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն տալ, որ ոստիկանությունն այդ անձանց դուրս հանի ցուցակներից’:
ՄԻՊ-ն ընտրությունների հետ կապված դրական հանգամանք էլ ընդգծեց՝ ոստիկանությունը պատշաճորեն արձագանքել է ընտրացուցակների հետ կապված բոլոր բարձրացված խնդիրներին:
Շարունակելով զեկույցը ներկայացնել, ՄԻՊ-ն անդրադարձավ քարոզարշավի ժամանակ բռնության՝ իր իսկ խոսքով՝ մեկ տասնյակի չափ դեպքերին: Հետեւողական պատիժ եղել է թե ոչ՝ պաշտպանը ներկայացրեց օրինակներով. ՛՛Մեկի քիթն, ասենք, կոտրվել է, հետո հաշտվել են: Մի այլ դեպքում, էլի ընդդիմադիր դաշտից, ահազանգ է եղել, թե խոչընդոտում են իր քարոզարշավին, սակայն բողոքողը հետո ոստիկանություն չի ներկայացել եւ հետեւողական չի եղել՝ ի վերջո ասելով, թե իր տեղեկություններն արժանահավատ չէին եվ այլն’: Քարոզարշավի ժամանակ էական լուրջ խախտումներ չեն եղել, ընդհանրացրեց Պաշտպանը:
Կարեն Անդրեասյանը նշեց, որ լուսաբանման հավասարության տեսանկյունից ամեն ինչ կարգին էր, սակայն, իր դիտարկմամբ, ընտրողի չի կարողացել կողմնորոշվել, եւ ընտրությունը եղել է ապաքաղաքական եւ ապագաղափարական:
Սա, ըստ Պաշտպանի, հնարավորություն է ստեղծել ընտրակաշառքի ինստիտուտի զարգացմանը, որովհետեւ առանց գաղափարական հենքի մարդ պատրաստ է եղել 10 հազար դրամի դիմաց ընտրել որեւէ մեկին: