Հանդիպումը վերածվել է հայոց ցեղասպանության քննարկման
„Չնայած հանդիպման թեման շեքսպիրյան բռնության շուրջ էր կազմակերպված, բայց գրեթե ողջ ընթացքը քննարկվեց հայոց ցեղասպանությունը: Միայն հրեա կինը չխոսեց մեր ցեղասպանությունից: Ըստ էության մենք միացանք որպես աջակցող, և միջոցառման ամբողջ բովանդակությունը դարձավ հայկական“- պատմեց Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Այս օրերին Գերմանիայի Բոխում քաղաքում տեղի ունեցող շեքսպիրյան փառատոնը կազմակերպել է „Բոխումի գրողներ“ կազմակերպությունը, որին հրավիրել է նաև հայերին: Հայ ակադեմիականների միությունը սիրով համաձայնվել է մասնակցել միջոցառմանը` հրավիրելով այնպիսի գրողների, ովքեր „Բռնություն“ խորագրի ներքո անպայման կխոսեին հայոց Մեծ Եղեռնի մասին: Միությունը Բոխումի արվեստի թանգարան մասնակցության է հրավիրել չորս հայտնի գրողների` գերմանաբնակ հայուհի Մուրիել Միրաք-Վայսբախին (ծնվել է ԱՄՆ-ում, դասախոսել է Իտալիայում, ցեղասպանության զոհերի ժառանգ է, գրող և լրագրող), թուրք Դողան Ականլիին (ապրում է Քյոլնում, Թուրքիայի կողմից ցմահ դատված է հայոց ցեղասպանության մասին գրելու համար), քուրդ Հուսեին Հաբաշին (Սիրիայից է տեղափոխվել Գերմանիա, Երևանի ռադիոյում պրակտիկա է անցկացրել 1976-ին) և հրեա Մոնիկա Վալթերին:
Գրողները „Բռնություն“ թեմայի շուրջ ողջ միջոցառման ընթացքում ներկայացրել են իրենց գործերն այս թեմայով և խոսել են Հայոց ցեղասպանության մասին: Վերջիններիս գործերը հատվածաբար ընթերցելու համար Բեռլինից հրավիրվել է հայազգի դերասանուհի Բեա Էհլերս-Քերբեկյանը:
Իր կատարումներով միջոցառմանը նվագակցել է Հայ ակադեմիականների միության փոխնախագահ Արմինե Ղուլոյանը` ներկայացնելով Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի գործերից:
„Դահլիճը մարդաշատ էր, ներկա էին հայտնի մտավորականներ, քննարկումը բուռն էր: Գերմանական թերթերն էլ անդրադարձան, տեղի „Ruhr Nachrichten“ թերթը փակվեց, և վերջին համարում մեծ հոդվածով անդրադարձան մեր այս միջոցառմանը“- նշեց պարոն Օրդուխանյանը:
Գայանե Առաքելյան