22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մեր ընտանիքը չքանդեք, քանդո՛ւմ եք, մենք ձեզ լավ գիտենք․․․»․ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչը՝ փոխնախարարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ժամանեց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, որտեղ վաղ առավոտից բողոքի ակցիա և հացադուլ էին անցկացնում ծերատան խնամյալները։ Փոխնախարարը վստահեցրեց, որ Նորքի տուն-ինտերնատը փակելու, այն վաճառելու, և Երևանի թիվ 1 ինտերնատին միացնելու լուրերն իրականության հետ որևէ աղերս չունեն։

«Չկա՛ նման բան, ոչ մեկը ոչ մի բան չի վաճառելու․․․ Քանի որ մենք գնում ենք համայնքահեն ծառայությունների ներդրման, դա չի նշանակում, որ մենք Նորքն ու թիվ 1-ը միաձուլման արդյունքում փակելու ենք, բերելու ենք, միավորելու ենք։ Հիմա ստեղծելու ենք հավելյալ, նոր հերթերով պայմանավորված՝ տատիկ-պապիկների համար համայնքահեն ծառայություններ՝ փոքր տների մոդել»,- լրագրողների հետ զրույցում ասաց սոցապ փոխնախարարը։

Լրագրողի դիտարկմանը, որ այդ մոդելին անցնելու համար նախարարությունն ընդամենը 3 տուն է գնել, Ստեփանյանը պատասխանեց․

«Այս պահին՝ 3։ Մենք պե՞տք է իրենց հետ սկսենք բանակցել, պե՞տք է իրավական հիմք ունենանք․․․»։

Անդրադառնալով նախկին տնօրեն Վահան Զուրաբյանին աշխատանքից ազատելուն, փոխնախարարն ասաց, որ նախկին տնօրենի ժամկետը լրացել էր, նշանակվել է  տնօրենի պաշտոնակատար, վերանշանակում չի եղել․

«Այս պահին պարոն Մակարյանը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հետո կլինի մրցույթ, ցանկացած մարդ, ով ցանկանում է այդ հաստիքը զբաղեցնել՝ կգա, կմասնակցի մրցույթին։ Մրցույթը կհայտարարենք սահմանված ժամկետում։

Տուն-ինտերնատի խնամյալներից տարեց մի տղամարդ դիմեց փոխնախարարին․

«Տիկին Տաթևիկ, մենք բոլորս մեր տնօրենի հետ այստեղ ապրում էինք համերաշխ, ինչի՞ այդ անտեր ժավելի կաթիլները լցրիք, խառնիք ամեն ինչ, ինչի՞, դա ո՞ւմ էր պետք, ինչ-որ մեկի՞ն։ Նոր տնօրենը, որ եկավ, ի՞նչ  պետք է փոխվի, պատերը կմնա նույնը, մենք կմնանք նույնը, դա ձեզ է ձեռնտու, մեզ չի ձեռնտու, մեզ պետք է, որ մեր ընտանիքը չքանդեք, քանդո՛ւմ եք, մենք ձեզ լավ գիտենք․․․»։

Տուն-ինտերնատում բնակվող պապիկներից մեկն էլ զրույցում պնդեց, որ ինքը հրաժարվում է առանց նախկին տնօրենի այնտեղ ապրել, և կնոջ հետ դուրս է գալու այնտեղից․

 

«Ես հրաժարվում եմ, իմ տիկնոջ հետ գնում ենք, գնում ենք դուրս՝ այ էն վրանների մեջ, Բաղրամյան պողոտա, գնում ենք այնտեղ՝ ցույց անողների մոտ․․․»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա էին սկսել՝  պահանջելով նախկին տնօրենի վերադարձը։ Նրանց նաև անհանգստացրել էր Նորքի տուն-ինտերնատը փակելու և իրենց տուն-ինտերնատին միացնելու լուրը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ